Շոլցը ուզում է վերընտրվել

Օլաֆ Շոլցը բացահայտ հայտարարել է, որ կրկին ցանկանում է ստանձնել Գերմանիայի կառավարության ղեկավարի պաշտոնը և նշել, որ գործադրում է բոլոր ջանքերը՝ գալիք ընտրություններում հաղթելու համար։

«Ես միանգամայն բաց եմ ասում՝ ցանկանում եմ վերընտրվել», – ասել է Շոլցը t-online լրատվական պորտալին տված հարցազրույցում, փոխանցում  է ՏԱՍՍ-ը:

Միաժամանակ նա ընդգծել է, որ Գերմանիայի քաղաքացիներն են որոշում երկրի զարգացման ուղղությունը։

«Իմ ողջ ուժն ուղղված է գալիք ընտրություններում հաղթելուն», – ամփոփել է Շոլցը՝ պատասխանելով այն հարցին, թե իր քաղաքական կարիերան կավարտվի՞, եթե պարտվի գալիք ընտրություններում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին Բունդեսթագն անվստահություն էր հայտնել կանցլեր Օլաֆ Շոլցին: Իսկ նախօրեին Գերմանիայի նախագահը որոշել էր ցրել Բունդեսթագը: Խորհրդարանական նոր ընտրությունները նշանակված են փետրվարի 23-ին: