Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան միլիոններ է պարտք Ռուբեն Հայրապետյանին․ պաշտպան

«Շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ դեռևս 5 տարի առաջ սկսված քաղաքական հետապնդումները»,- այսօր ասուլիսում ասաց Ռ. Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։

Նա նշեց, որ քրեական գործը հարուցվում է ոչ թե մարդու նկատմամբ, այլ փաստի առթիվ, սակայն այստեղ իրավիճակն այլ է։

«Այս քրեական գործի շուրջ 30 հատորի ուսումնասիրությունն ինձ հիմք է տալիս միանշանակ գալ այն համոզման, ևս մեկ անգամ փաստաթղթավորված հասկանալ, որ այս քրեական գործը հարուցվել է Ռուբեն Հայրապետյանի անձի նկատմամբ, ոչ թե որևէ փաստի առթիվ»,- ասաց Ա. Մակինյանը։

Փաստաբանի խոսքով, մինչև այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան միլիոններ է պարտք Ռուբեն Հայրապետյանին պատկանող Զեյթունի կահույքի ֆաբրիկային. «Ֆեդերացիան, չցանկանալով մարել պարտքերը, փորձում է օգտագործել պետության ռեսուրսները»։

«Այս քրեական գործի նյութերը ուղիղ ապացուցում են, որ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ իրականացվել է ոչ թե քրեական, այլ քաղաքական հետապնդում և այս գործի նյութերը, եթե փաթեթավորենք և ուղարկենք Եվրոպա, ամեն ինչ դրանով կվերջանա։ Մարդիկ բան ու գործները թողած, պետական ռեսուրսները օգտագործում են, որ  քչփորեն, փորեն, բերեն այն ծիծաղելի մեղադրանքը, որ այսօր կա»,- ասաց Ա. Մակինյանը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ հաղորդվել էր, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 դրվագով՝ 152 մլն դրամի խարդախության և 16 միլիոն դրամի փողերի լվացման համար: