Միգրանտների երեխաների ռուսերենի իմացության թեստավորումը կսկսվի 2025թ. ապրիլին. ՌԴ փոխվարչապետ

Միգրանտների երեխաների ռուսերենի իմացության թեստավորումը կսկսվի 2025թ. ապրիլի 1-ից։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոն։

«Այժմ «Ռոսօբրնադզորը» ավարտում է մեթոդական նյութերի և թեստավորման համակարգերի, գնահատման չափորոշիչների պատրաստումը, քանի որ մենք հասկանում ենք, որ տարբեր դասարանների համար կպահանջվի թեստավորման տարբեր մակարդակ։ Արդեն հաջորդ տարվա ապրիլի 1-ից այդ աշխատանքը կզարգանա մեր երկրի կրթական բոլոր հաստատություններում»,- ասել է կառավարության ներկայացուցիչը։

Չերնիշենկոյի խոսքով՝ ՌԴ դպրոցներ տարեկան հաճախում է միգրանտների 155 հազար երեխա։

Ավելի վաղ Պետդուման ընդունել էր օրինագիծ՝ ռուսական դպրոցներում միգրանտների՝ ռուսերեն չիմացող երեխաներին ընդունելու արգելքի մասին։ Այժմ նրանք պետք է թեստ հանձնեն, որը ցույց կտա լեզվին տիրապետելու մակարդակը։