26 տարի շարունակ աշխարհը մեզ ընկալել է որպես հաղթանակած ազգ. Լևոն Քոչարյան
«Երկու օր առաջ այս ամբիոնից հնչեց Նիկոլ Փաշինյանի հերթական կեղծիքն ու սուտը»,- ԱԺ ամբիոնից ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով վարչապետի աթոռն զբաղեցնողի աղմկահարույց հայտարարություններին։
«Այս ամբիոնը միգուցե դիմանում է այդ ամենին, բայց մեր երկիրը այս ստերին, կեղծիքներին և դավաճանությանը երկար դիմանալ այլևս չի կարող։ Այս իշխանությունը ոչ միայն կեղծում է անցյալը, փորձելով արդարացնել սեփական տոտալ ձախողումները, այլև առաջարկում է ապագայի հետ կապված մի կոնցեպտ, որը նորից մեծ արհավիրք է բերելու։ Այս մարդը անընդհատ խոսում է անկեղծ լինելու մասին, բայց շարունակ ստում է, բռնվում է ստի վրա, նորից ստում է, մանիպուլացնում է, ֆռռացնում է և այսպես շարունակ։ Սա թերևս այն գործիքն է, միգուցե միակ գործիքը, որին նա փայլուն տիրապետում է»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը, ապա շարունակեց. «Ասում է՝ աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ։ Առաջին Արցախյան պատերազմի ավարտից հետո 26 տարի շարունակ աշխարհը մեզ ընկալել է որպես հաղթանակած ազգ։ Սա նաև մեր ինքնագիտակցությունն էր և, կարծում եմ, սրա հետ կհամաձայնեն մեր հայրենակիցները, որոնք ապրում են թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում:
Մյուս կողմից Ադրբեջանը ուներ այդ ընկալումը ազգ-նահատակի, որովհետև անընդհատ խոսում էր իր կորցրած 20% տարածքի, 100-հազարավոր փախստականների մասին: Եվ հենց Փաշինյանն էր, որ վերադարձրեց Հայաստանին այդ ազգ-նահատակ ընկալումը՝ պարտվելով մի պատերազմում, որը կարող էր և չպետք է լիներ, իսկ լինելու դեպքում՝ չպիտի ունենար այն արդյունքը, որ ունեցանք»։

