Իմ հեռախոսից նյութեր են հայտնվել վարչապետի մոտ․ Հովիկ Աղազարյան

«Բոլորը շատ լավ գիտեն՝ ինչ է նշանակում պետական գաղտնիք, պետական կարևորության փաստաթղթեր, ես 6-7 տարվա մեջ երբևէ չեմ եղել այն բաժնում և չեմ դիմել այս կամ այն գաղտնի փաստաթղթին ծանոթանալու, երբևէ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցությունից հեռացած, անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Ես չեմ հիշում կոնկրետ այդպիսի դեպք, որ նպատակամղված, պլանավորված, այսօր սա եմ ասել արտահոսք, հետո նա եմ ասել արտահոսք»,-ասաց Աղազարյանը: Նա նշեց, որ իր անձնական  դաշտին վերաբերող նյութեր են հայտնվել վարչությունում, վարչապետի մոտ։

«Ես զարմանք հայտնեցի, թե այդ ոնց է եղել, որ իմ անձնական  դաշտին վերաբերող նյութեր են հայտնվել վարչությունում, վարչապետի մոտ: Որովհետև, երբ որ պարոն Քյարամյանի հետ կապված միջադեպի շրջանակներում իմ փաստաբանը, իմ ուսանողական ընկերը հայց է ներկայացրել դատախազություն, որպեսզի քրեական վարույթ հարուցվի, պարզաբանումներ մտցվի, և այս շրջանակներում տեղի է եղել հարցաքննություն իմ հետ, իմ հեռախոսն առգրավել են։ Ես չեմ դիմադրել, ասել եմ՝ վերցրեք:

Հեռախոսս 10 օրից ավելի գտնվել է այդ քննիչի մոտ, և քննիչն ասել է՝ իրենց հետաքրքրում է միայն ու միայն այն հեռախոսազանգերը, որոնք կապ ունեն պարոն Քյարամյանի հետ այդ գործով:
Ես ասեցի՝ խնդիր չունեմ, բայց ես այնտեղ լիքը այնպիսի բաներ ունեմ, որ չեմ ուզի, որ կարդաք: Բայց նաև ասացի՝ հանկարծ այնպես չլինի, որ դրանք հրապարակվեն: Ինձ ասաց՝ պարոն Աղազարյան, այս ինչե՞ր եք ասում, դուք գիտե՞ք,  որ պետության մեջ եք: Ես հպարտ կեցվածք ընդունեցի՝ համոզված լինելով, որ չի լինի: Բայց պարզվում է, որ իմ հեռախոսը բացել են, իմ հեռախոսի մեջից շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ: Ո՞վ է այդ նյութերը տվել վարչապետին, ի՞նչ նպատակով է տվել, ես չեմ կարող ասել: Ես նաև չգիտեմ, թե որքանով է դա օրենքի շրջանակներում»:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգո՞վ են այդպիսի բան արել, Հ. Աղազարյանն ասաց. «Ես չէի ուզի հավատալ դրան»: