Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաններում․ ՍԱՏՄ-ն կասեցրել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Կարեն Կրպոյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը, հիմք ընդունելով Արարատի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում հայտնաբերած խախտումների արձանագրությունը։

Մասնավորապես՝

սննդի կառույցը նախագծված, կառուցված չի եղել այնպես, որ ապահովվի ․ տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկումը և ընթացիկ վերանորոգումը, արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների իրականացումը,

ապահովված չի եղել կեղտի կուտակումներից, արտադրվող սննդամթերքում մասնիկները թափվելուց,

սանհանգույցի դռները բացվել են անմիջապես արտադրական շինության մեջ,

առաստաղների, հատակների, պատերի և պատուհանների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, որոնք հեշտորեն լվացվում են, անհրաժեշտության դեպքում ախտահանվում,

ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով,

սննդամթերքի արտադրության ընթացքում օգտագործվող պարենային հումքը և բաղադրիչները չեն պահվել այդ հումքի և բաղադրիչների փչանալը կանխարգելող և դրանց՝ աղտոտիչ նյութերից պաշտպանությունն ապահովող պայմաններում։

Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ։

 Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին