«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում նախատեսվում են փոփոխություններ

Հայաստանում գործող կենսաթոշակային հիմնադրամների հնարավորությունները էապես կընդլայնվեն։ Այս մասին Ազգային ժողովում, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, «Կուտակային կենսաթոշակների» մասին օրենքի փոփոխությունների եւ լրացումների մասին օրինագծի քննարկման ժամանակ նոյեմբերի 25-ին ասել է Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը։

Նրա խոսքով, առկա միջոցները կուղղվեն տնտեսության ֆինանսավորմանը՝ տարբեր ֆինանսական գործիքների եւ մեխանիզմների կիրառմամբ։

Բանն այն է, որ այսօր գործող օրենսդրությունում կա դրույթ, որը զրկում է կենսաթոշակային հիմնադրամների կառավարիչներին մասնագիտացված ներդրումային ֆոնդերը կառավարելու իրավունքից։ «Սակայն մեր երկրի տնտեսությունում կան ճյուղեր, որոնք ֆինանսավորման կարիք ունեն։ Այս ներդրումային նախագծերը կարելի է ֆինանսավորել նաեւ ի հաշիվ ներդրումային ֆոնդերի։ Միեւնույն ժամանակ, կենսաթոշակային հիմնադրամների ղեկավարներն ունեն որոշակի մասնագիտական ունակություններ։ Նրանք, օրինակ, կարող են կառավարել տարբեր ներդրումային ֆոնդեր։ Ուստի առկա օրենսդրական պատնեշների հանումը թույլ կտա օգտագործել վերոնշյալ հնարավորությունները՝ խթանելով ներդրումները տնտեսության իրական հատվածում»,- ասել է ԿԲ ներկայացուցիչը։

ԱԺ կայքից տեղեկանում ենք, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի հիմնադրման մասին» 2009 թվականի հունիսի 9-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքների նախագծերը: