Ընտանեկան կարգավիճակից մինչև արձակուրդներ. Ո՞ր տեղեկությունը հատկապես չպետք է հրապարակել սոցցանցերում
Շատերը ամեն ինչի մասին խոսում և հրապարակում են համացանցում։ Սակայն որոշ տեղեկություններ ձեզ հատկապես գրավիչ թիրախ է դարձնում խարդախների համար։
USA Today կայքը թվարկել է տեղեկությունների ցանկը, որոնք չպետք է հայտնվեն սոցցանցերի ձեր էջերում, եթե դուք չեք ցանկանում դառնալ չարագործների զոհ։
1․ Ձեր ընտանեկան դրությունը
Այրիները և ամուրիները գրավիչ թիրախ են։
Խարդախները կարող են ձեռք գցել այդ մարդկանց ունեցվածքը։ Որպես օրինակ կայքը հիշատակել է ոմն Ռոզալի Դուգլասի պատմությունը, որը փորձել է իր ուժերը օնլայն-ծանոթություններում և նշել իր «այրի» կարգավիճակը։
Արդյունքում՝ միանգամից երկու տարբեր խարդախներ կապվել են Ռոզալիի հետ և նրանից 430 000 դոլար կորզել։
2․Հանգստի պլանները
Այս առնչությամբ USA Today-ը պատմել է ոմն Թիֆանիի մասին, որը «Ֆեյսբուքում» հրապարակել է Carnival գալիք շրջագայության մասին իր ընտանիքի համար՝ տոմսերի լուսանկարները տեղադրելով։ Նա չէր մտածել այն մասին, որ դրանում նշված էր իր նախնական պատվերի համարը։ Նույն օրը խարդախը նոր Carnival հաշվառում է ստեղծել՝ օգտագործելով Թիֆանիի հաստատման համարը։ Նրանք չեղարկել են նրա նախնական պատվերը և փչացրել 15 000 դոլար արժողությամբ նրա ուղևորությունը։
3․Տեսահոլովակներ, որոնցում դուք խոսում եք
Արհեստական բանականության գործիքները թույլ են տալից ցանկացած մարդու էժան և հեշտ ստեղծել կեղծ վիդեոներ՝ դիփֆեյքեր։
Վերջերս TikTok-ում Սեմ անունով կինը պատմել է, որ ոմն կասկածելի բրենդ գողացել է իր դեմքը և օգտագործել այն իր արտադրանքը գովազդելու համար։ Նրանք այդ ամենն արել են կնոջ սոցցանցերում օգտահաշվի տեսանյութի և ինչ-որ դիփֆեյք ծրագրային ապահովման օգնությամբ։
4․Զբոսանքի, քայլարշավի և հեծանվասպորտի ձեր երթուղիները
GPS-ով ֆիթնես-հավելվածները հետևում են ոչ միայն մարզումներին։ Կայքը պատմել է Գաղտնի ծառայության գործակալների մասին, որոնք բացահայտել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և նրա տիկնոջ, նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի և նրա տիկնոջ, ինչպես նաև փոխնախագահ Քամալա Հարիսի գտնվելու վայրը։ Բանն այն է, որ Գաղտնի ծառայության գործակալները օգտագործել են Strava հավելվածը՝ նրանց երթուղիներին հետևելու համար և, հավանաբար, չեն հասկացել, որ ինչ-որ մեկը կարող է տեսնել այդ երթուղիները։
5․ Ձեր աշխատանքի մասին տեղեկություն
Իրական վտանգն այստեղ այն է, որ դուք դառնում եք խարդախության զոհ։ Ֆիշինգային գրոհներն ուղղված են մեկ մարդու դեմ, որն ունի անհատականացված ինֆորմացիա։ Միջին և բարձր օղակի աշխատակիցները լուրջ թիրախ են, քանի որ ընկերության ֆինանսները կարող են հասանելի լինել նրանց։ Որքան ավելի կոնկրետ ինֆորմացիա եք հրապարակում, այնքան ավելի շատ լծակներ եք տալիս խարդախին։ Դա վերաբերում է ձեր աշխատավայրին, ձեր դերին, նախագծերին, որոնց վրա աշխատում եք, և մնացած ամեն ինչին։
6․Դպրոցը կամ ձեր երեխաների պարապմունքները
Դուք հպարտանում եք ձեր երեխաներով և ցանկանում եք նրանց ձեռքբերումները ներկայացնել սոցցանցերում։ Կներեք, բայց ձեր երեխայի լուսանկարը դպրոցի մոտ տեղադրելը կամ ֆուտբոլի խաղերի շաբաթական ցանկը ներկայացնելը խելամիտ չէ։ Իրականում դուք երբեք չգիտեք, թե ով է ձեզ հետևում։
7․Թանկարժեք էլեկտրոնիկա, որը դուք վաճառում եք
Հարավային Կարոլինայի բնակիչը «Ֆեյսբուքի» «Առուքվաճառք» խմբում տեղադրել էր հայտարարություն սահմանափակ սերիայի PlayStation-ը վաճառելու մասին։ «Գնորդը», որի հետ նա հանդիպել է, հանել է ատրճանակն ու դիմել փախուստի՝ իր հետ վերցնելով PlayStation-ը, ինչպես նաև տղամարդու թղթապանակն ու ժամացույցը։
Զգոն լինենք, և մեզ ու մեր սիրելիներին զերծ պահենք խաբեբաների տեսադաշտում հայտնվելուց։

