Բա ռուսները չե՞ն գա մեր երեսին թքեն, եթե դու այդ Անկախության հռչակագրից հրաժարվում ես․ Շարմազանով

ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ 2018 թվականի իշխանափոխության նպատակը եղել է Հայաստանի ազգային նկարագրի վերացումը և նրա աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխությունը, և, որ այսօր էլ Ադրբեջանին և Թուրքիային պետք է անատամ Հայաստան, որը չի ունենա բանակ, ազգային ինստիտուտներ, այլ կլինի պանթուրքիզմի «ֆուռերի» համար «պրոխոդնոյ դվոր»:

«Եվ այս իշխանությունը, որը ոտքից գլուխ պրոթուրքական է և հակահայկական, դա իրականացնում է»,- նշեց նա՝ որպես ապացույց հիշեցնելով ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Անկախության հռչակագրի բովանդակությունն այն մասին է, որ Հայաստանը չի կարող գոյություն ունենալ:

«ՀՀ հիմքն այդ Անկախության հռչակագիրն է, էն դրույթներն են, որոնք դրված են դրա մեջ: Դա արյունով և քրտինքով ստեղծված հռչակագիր է: Պետությունն այդ հռչակագրի կոնսենսուսով ընդունված կետերի մասին է: Բա ռուսները չե՞ն գա մեր երեսին թքեն, եթե դու այդ Անկախության հռչակագրից հրաժարվում ես, որտեղ գրված է, որ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին: Ռուսաստանն այն երկրներից է, որ 1995-ին Հայոց ցեղասպանության դատապարտման բանաձևում, որը Պետդուման ընդունել է, նշված է՝ «Արևմտյան Հայաստան» եզրույթը»,- մանրամասնեց Շարմազանովը:

Այս համատեքստում ՀՀԿ-ական գործիչը նշեց, որ մեծ խաղացողների կամ նատօաթուրքական քաղաքականության նպատակը ՌԴ դիրքերի թուլացումն է մեր տարածաշրջանում: