Զախարովան պարզաբանել է ճեպազրույցի ժամանակ ստացած հեռախոսազանգը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պարզաբանել է ճեպազրույցի ժամանակ ստացած հեռախոսազանգը:
«Մինչև ճեպազրույցի սկսվելը հարցեր կային՝ կապված համացանցում հակասական նյութերի հետ, և ես փորձագետներից ճշտել էի՝ արդյոք սա մեզ վերաբերող թեմա է։ Պատասխանը եկավ հենց ճեպազրույցի ժամանակ։ Այնպես որ, այստեղ ինտրիգ չկա»,- պարզաբանել է նա:
Նշենք, որ ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան զանգ է ստացել։ Երբ Զախարովան պատասխանել է զանգին, բարձրախոսը միացած է եղել և ներկա լրագրողները, ինչպես նաև ԱԳՆ կայքի ուղիղ եթերում բրիֆինգին բոլոր հետևողները լսել են խոսակցությունը։
«Մենք չենք մեկնաբանում «Южмаш»-ի վրա բալիստիկ հրթիռային հարձակումը, որի մասին սկսեցին խոսել արևմտյան լրատվամիջոցները», – ասել է տղամարդու ձայնը՝ Զախարովային անվանելով «Մաշա»:
Ուկրաինայի ռազմաօդային ուժերը պնդում են, որ նոյեմբերի 21-ի առավոտյան ռուսական զորքերը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ են արձակել Ուկրաինայի ուղղությամբ։ Ուկրաինայի զինված ուժերի հայտարարության մեջ, ինչպես նաև Դնեպրոպետրովսկի շրջանի և Դնեպրի վարչակազմի հաղորդագրություններում չի նշվում, թե որ օբյեկտներն են խոցվել։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտնել է, որ հրթիռն արձակվել է «Южмаш» ձեռնարկության ուղղությամբ։

