Եվրամիությունը չեղարկել է Վրաստանին հատկացված 121 մլն եվրոյի հատկացումը

Եվրամիությունը նախատեսում է ավելի քան 120 մլն եվրոյի գումարը, որը հատկացված էր Վրաստանի կառավարության համար, վերուղղորդել այլ նպատակների։ Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը մամուլի ասուլիսում, որը տրվել է Բրյուսելում, ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստի շրջանակում, տեղեկացրել է DW-ն։

Արձագանքելով այն բանին, որ հոկտեմբերին Վրաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացումը հաստատել է, որ «ներկա կառավարության օրոք երկիրը հեռացել է դեմոկրատիայից», ԵՄ-ը զրոյացրել է Վրաստանի Զինված ուժերի աջակցությունը Խաղաղության եվրոպական ֆոնդի գծով, ինչպես նաև չեղարկել է 121 մլն եվրոյի հատկացումը անմիջապես Վրաստանի կառավարությանը, նշել է Բորելը։ Այդ միջոցները կվերուղղորդվեն «այն ծրագրերին, որոնք օգուտ են բերում քաղաքացիական հասարակությանը և հենց վրացի ժողովրդին», նշել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։

«Ընտրություններում տեղի ունեցածը մանրամասն ուսումնասիրելու» համար Բրյուսելը Վրաստան կուղարկի քաղաքական առաքելություն, իսկ ընտրություններում տեղի ունեցած խախտումների գնահատականի համար կհրավիրվի Վրաստանում ընտրությունների դիտարկման բյուրոյի ղեկավարը Դեմոկրատական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոյից։

«Վրացական երազանքի» ղեկավարները երկիրը դուրս են հանել Եվրամիության ուղուց՝ հակառակվելով վրացի ժողովրդի ձգտումներին և երկրի՝ ԵՄ ուղղությամբ շարժվելու նպատակներին։ Մենք բոլորս Վրաստանի համար ցանկանում ենք նույնը՝ վերադարձնել նրան եվրոպական ուղի,- ընդգծել է Ժոզեպ Բորելը։- Վրացի ժողովրդին ցանկանում եմ կրկնել այն, ինչ ասել եմ անցած տարի Վրաստան կատարած այցիս ժամանակ. Եվրոպական միության դուռը բաց է մնում Վրաստանի համար»։