Արցախից բռնի տեղահանված անձինք առաջիկա երեք ամիսներին կշարունակեն ստանալ աջակցություն. սոցապ փոխնախարար (տեսանյութ)
«Առաջիկա երեք ամիսներին կպահպանվի աջակցությունը բոլոր նրանց համար, ովքեր այսօր ստանում են 50 հազար դրամ, այսինքն չունեն բնակարանային պայմաններ»,- այսօր՝ նոյեմբերի 15-ին «Մեդիա կենտրոնում» կայացած ասուլիսին ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը՝ խոսելով Արցախից բռնի տեղահանված անձանց տրամադրվող աջակցության ծրագրում նախատեսվող փոփոխությունների մասին։
«Մենք ունենք արդեն տվյալներ, որ բնականաբար, մարդիկ արդեն ինտեգրվել են աշխատաշուկայում, ունենք 25 հազար կայուն աշխատատեղ ունեցող անձ, որոնց գերակշիռ մասի աշխատավարձը 100-500 հազար դրամ է կազմում։ Կան նաև մարդիկ, որոնց աշխատավարձը գերազանցում է 500 հազար դրամը։ Սա նշանակում է, որ նրանք ինտեգրված են աշխատաշուկայում այնպես, ինչպես տեղացիները»,–հավելեց նա՝ նշելով, որ աշխատունակ անձանց տրամադրվող աջակցության նվազեցումը հիմնավորված է։
Աննա Ժամակոչյանը նշեց, որ աշխատունակ անձինք նույնպես ձմեռային ամիսներին կշարունակեն աջակցություն ստանալ։
«Իսկ արդեն հատուկ խմբերի համար թիրախավորված աջակցությունը երեք ամսով կշարունակվի ապրիլից՝ 40 հազար դրամի չափով, իսկ հաջորդ երկու եռամսյակին՝ 30 հազարական դրամի չափով։ Թիրախային հինգ խումբ ենք առանձնացրել. առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցողներ, կերակրողը կորցրածի նպաստ ստացողներ, երեխաներ, 63 պլյուս տարեկան անձինք։ Այսինքն ստացվում է, որ մենք ձմեռային ամիսներին շարունակում ենք աջակցություն տրամադրել հիմնական ծավալով, իսկ հետո սկսելու ենք նվազեցումները՝ ինչպես դրամական չափի, այնպես էլ թիրախավորման իմաստով»,–ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը՝ հավելելով, որ նոր ծրագրի առավելություններից մեկն այն է, որ մարդիկ ամբողջ տարվա ընթացքում կարող են օգտվել աջակցությունից, եթե անգամ օգտվեն բնակարանային ծրագրից։

