Կառավարությունը համայնքներում իրականացվող 6 ծրագրերի համար տրամադրեց 248 մլն դրամ

«Լոռու, Շիրակի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում 6 հրատապ ծրագրեր կիրականացվեն, որի համար կտրամադրվի 248 մլն դրամ»,- այդ մասին կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Նախարարի ներկայացմամբ՝ Լոռու մարզին կհատկացվի 18 մլն 970 հազար դրամ, Շիրակի մարզին՝ 150 մլն դրամ, Սյունիքի մարզին՝ 51 մլն դրամ, Տարածքային զարգացման հիմնադրամին՝ 28 միլիոն դրամ:

«Ընդհանուր առմամբ նախատեսվում է 6 հրատապ ծրագրերի համար հատկացնել 248 մլն դրամ»,-ասաց նա՝ նշելով, որ ծրագիրը կիրականացնի Տարածքային զարգացման հիմնադրամը:

Փաշինյանն էլ թվարկեց բոլոր 6 ծրագրերը՝ ջրհեղեղից վնասված Քարկոփի դպրոցի մասնակի վերանորոգում, Շիրակի մարզի 2 համայնքում խմելու ջրի ջրատարի, ջրամատակարարման, ներքին ցանցի կառուցապատում, Գյումրու շենքերից մեկի 3 մուտքի ուժեղացում, Սիսիանի շենքերի 2 տանիքի վերանորոգում, Մեղրու մանկապարտեզի հարակից տարածքի դրենաժային համակարգի կառուցման նախագծահաշվարկային փաստաթղթերի ձեռքբերում, Սևանի կոյուղատարի վերանորոգում: