ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում կարող է նշանակվել Մարկո Ռուբիոն. The New York Times

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է սենատոր Մարկո Ռուբիոյին առաջադրել պետքարտուղարի պաշտոնում, հայտնում են աղբյուրները The New York Times-ին:

Թերթի զրուցակիցներն ընդգծել են, որ Թրամփը «դեռևս կարող է վերջին պահին փոխել իր միտքը», սակայն, նրանց կարծիքով, ընտրված նախագահն առայժմ համաձայն է Ռուբիոյի թեկնածությանը։

Մարկո Ռուբիոն ընտրվել է Սենատի անդամ (ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատ) 2010 թվականին և արտաքին քաղաքականության մեջ իրեն դրսևորել որպես «բազե»՝ կոշտ դիրքորոշում որդեգրելով Չինաստանի և Իրանի նկատմամբ, ասվում է հոդվածում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայից կոնգրեսական Մայք Ուոլցին կնշանակի ազգային անվտանգության իր օգնական:

2021 թվականի հունվարից պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնում է Էնթոնի Բլինկենը՝ ներկայիս նախագահ Ջո Բայդենի վարչակազմում։