Երեք տասնյակից ավելի ՊՊԾ աշխատողներ բերել եք բիզնեսմենների ճաշկերույթին, մեղք են էդ տղերքը
ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՊՊԾ պետի տեղակալ Գրիգորի Առաքելյանից հետաքրքրվեց, թե ծառայողական մեքենա տրամադրելու հարցում ինչպիսի կարգ է գործում:
«Վերջերս մամուլում շատ գրվեց, որ Աննա Հակոբյանի համար 145 հազար դոլար արժողությամբ ծառայողական մեքենա է գնվել, թեև 1-2 տարի առաջ այլ ծառայողական մեքենա էիք գնել։ Ընդհանրապես կարգը ինչպե՞ս է՝ ա՞նձն է որոշում՝ իր մեքենան պետք է փոխվի, թե՞ դուք: Օրինակ՝ երկու տարվա մեջ տեսաք, թե ջիպն այնքան է մաշվել, որ անպայման պետք է նոր մեքենա գնել»,- ասաց պատգամավորը:
Պատգամավորը նաև հետաքրքրվեց՝ Պետական պաշտպանության ծառայությունը մասնավոր որևէ հավաքի անվտանգությանն ապահովո՞ւմ է, թե՝ ոչ:
«Էլի մամուլում գրվեց, որ Նիկոլ Փաշինյանի կինը, «Իմ քայլը» հիմնադրամի նախագահ Աննա Հակոբյանը 1 մլն դրամանոց ճաշկերույթ է կազմակերպել «Լիվինգսթոնում»։ Լավ, ընտանիքի անդամ է, ՊՊԾ 1-2-10 աշխատակից պետք է անվտանգություն ապահովի։ Բայց մասնավոր, բարեգործական ճաշկերույթին երեք տասնյակից ավելի ՊՊԾ ծառայողների ներկայությունը ո՞ր օրենքով է կանոնակարգվում»,-հարցրեց Մանուկյանը։
Առաքելյանը, անդրադառնալով առաջին հարցին, ասաց, որ ՊՊԾ-ն ինքն է որոշում՝ ելնելով իրավիճակից և գնահատելով տարբեր հանգամանքներ՝ որտեղ, ում, ինչ մեքենա է տրամադրվում կամ ինչ մեքենա պետք է փոփոխվի։
«Ինչ վերաբերում է երկրորդ հարցին. նույն օրենքի 6-րդ մասով է սահմանվում, թե ինչպես են պահպանվում օբյեկտները, նրանց ընտանիքի անդամներին էլ, կախված իրավիճակից, կարող են տարբեր քանակի անվտանգության աշխատակիցներ տրամադրվել»,- ասաց ՊՊԾ պետի տեղակալը:
Գեղամ Մանուկյանն արձագանքեց. «3 տասնյակից ավելի ՊՊԾ աշխատողներ բերել եք բիզնեսմենների ճաշկերույթին, մեղք են էդ տղերքը»։
«Բերեք, չհամաձայնեմ ձեզ հետ։ Շնորհակալություն, որ մտածում եք, բայց ծառայություն է սա»,-ասաց Առաքելյանը։

