Զորյան ինստիտուտում Ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացումը ակադեմիական առաջնահերթություն են, ո՛չ քաղաքական

Զորյան ինստիտուտը իր հիմնադրման օրվանից ի վեր մշտապես եղել է և է հավատարիմ իր որդեգրած առաքելությանը։

Ինստիտուտի տարածած հայտարարության մեջ նաև ասվում է. «Ցեղասպանագիտությունը օգնում է հասկանալ, թե ինչ պայմանների ներքո կարող են տեղի ունենալ ցեղասպանությունները և զանգվածային բռնության այլ ակտերը: Այն բացահայտում է մոտալուտ բռնության նախազգուշական նշաններն ու  օգնում է կանխատեսել նմանօրինակ հանցագործությունների տևական հետևանքները:

Շարունակական հետազոտությունների, հրապարակումների, գիտաժողովների կազմակերպման և կրթական նախաձեռնությունների միջոցով ինստիտուտը ձգտում է բարձրացնել ցեղասպանության և դրա կանխարգելման անհրաժեշտության մասին իրազեկվածությունը:

Զորյան ինստիտուտը որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն կոչված է իրականացնելու գիտահետազոտական ուսումնասիրություններ և բարձրացնելու մարդու համընդհանուր իրավունքներին, ցեղասպանությանը և սփյուռք-հայրենիք հարաբերություններին առնչվող հարցերի վերաբերյալ հանրային իրազեկվածությունը։ Դա արվում է գիտնականների և մասնագետների համակարգված շարունակական ջանքերի շնորհիվ՝ օգտագործելով համեմատական և միջգիտակարգային մոտեցում՝ համապատասխան բարձրագույն ակադեմիական չափանիշներին:

Ցեղասպանությունը որպես քաղաքական որոշում և հանցագործություն պետք է լինի համայն աշխարհի մտահոգության խնդիր բոլոր ժամանակներում (պատերազմների ժամանակ կամ խաղաղ պայմաններում), քանզի որևէ ռասսայական, էթնիկ, ազգային կամ կրոնական խումբ լիովին ապահովագրված չէ մարդածին զազրելի հանցագործությունից։

Ցեղասպանությունը քաղաքական ակտ է և աշխարհաքաղական իրողության հետևանք, որի ծրագրման և իրագործման համար, ի թիվս այլ շարժառիթների, կարևոր դեր ունեն նաև ոճրագործ պետության տնտեսական և տարածքային ծավալապաշտական նկռտումները:

Հայոց ցեղասպանությունը, որպես մարդկության դեմ իրագործված հանցագործություն, իր բնույթով ևս քաղաքական ակտ էր և տվյալ ժամանակաշրջանի աշխարհաքաղաքական իրողություն։ Առաջին աշխարհամարտը հարմար առիթ էր այն իրագործելու համար։

Հարկ է ընդգծել, որ Զորյան ինստիտուտը համագործակցել է Հայաստանի և հայաստանաբնակ գիտնականների հետ դեռևս այն ժամանակ, երբ Հայաստանը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության անդամ էր։ Առաջին համագործակցության հուշագիրը ստորագրվել է երջանկահիշատակ  պարոն Դալլաքյանի հետ, ով Սփյուռքագիտության ինստիտուտի ղեկավարն էր այն ժամանակ։

Այնուհետ Զորյան ինստիտուտը շարունակել է աշխատել անկախ Հայաստանի Հանրապետությունում բոլոր վարչակարգերի օրորք՝ երբևէ չներքաշվելով արտաքին կամ ներքին քաղաքական քննարկումների կամ քաղաքականության մշակման մեջ, քանզի Ինստիտուտը վեր է քաղաքականությունից, և կատարած աշխատանքը ուղղված է օժանդակելու գիտական և կրթական ոլորտների զարգացմանը։

Զորյան ինստիտուտում կրթությունը և ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացումը ակադեմիական առաջնահերթություն են, ո՛չ քաղաքական»։