Իրանը «հզոր և համալիր» հարձակում է ծրագրում Իսրայելի դեմ՝ կանոնավոր բանակի մասնակցությամբ. WSJ

Իրանը «հզոր և համալիր» հարձակում է ծրագրում Իսրայելի վրա, որը կներառի ոչ միայն հրթիռներ և անօդաչու սարքեր, այլև կանոնավոր բանակի զինվորներ։ Այս մասին հայտնել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Իրանի և արաբական երկրների պաշտոնյաների։

Պարբերականի իրանցի զրուցակցի խոսքով՝ Իսրայելի վրա նոր հարձակումը կիրականացվի նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում անցկացվող նախագահական ընտրությունից հետո, սակայն մինչև 2025 թվականի հունվարի՝ նոր նախագահի երդմնակալությունը: Պաշտոնյան նշել է, որ Թեհրանը կարող է Իսրայելի վրա հարձակվել նաև Իրաքի տարածքով, ինչպես նաև հարվածներ հասցնել իսրայելական ռազմական օբյեկտներին «շատ ավելի ագրեսիվ, քան նախորդ անգամ»:

Իրանը մտադիր է հարձակման ժամանակ օգտագործել ոչ միայն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, այլև կանոնավոր բանակի զինվորներին, սակայն խոսքը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին աջակցելու մասին է, ոչ թե տարածաշրջանում զորքերի ամբողջական տեղակայման, պարզաբանել են WSJ-ի զրուցակիցները։ «Մեր զինվորականները մարդիկ են կորցրել, ուստի նրանք պետք է արձագանքեն»,- պարզաբանել է իրանական աղբյուրը: Իրանի իշխանությունների տվյալներով՝ հոկտեմբերի վերջին Իսրայելի հարվածի հետևանքով զոհվել է չորս իրանցի զինվորական: