Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ

2024 թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Էդգար Շահինի ծննդյան 150-ամյակ» արծաթե հուշադրամը: Այս մասին  հայտնում են Կենտրոնական բանկից:

Էդգար Շահինի ծննդյան 150-ամյակին նվիրված հուշադրամ

ԷԴԳԱՐ ՇԱՀԻՆ (1874–1947 թթ.)՝ ֆրանսահայ անվանի գեղանկարիչ, փորագրանկարիչ, գծանկարիչ և նկարազարդող:

Ծնվել է Վիեննայում: Սովորել է Կ. Պոլսի Մխիթարյան վարժարանում, այնուհետև Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում։ 1893 թ. մեկնել է Փարիզ, հաճախել է Ժյուլիանի գեղարվեստի ակադեմիան։

1896 թ-ից գեղանկարչական աշխատանքներով («Մուրացկանը», «Փողոցի մի անկյուն», «Շնչահեղձը») մասնակցել է ցուցահանդեսների:

1899 թ-ից ստեղծել է օֆորտներ, որոնք ճանաչում են բերել նրան։ «Անատոլ Ֆրանս», «Լուիզ Ֆրանս», «Լաթահավաք կինը», «Զբոսանք», «Պետրոս Շահին», «Հայկական երեկոյի ծրագիր», «Գեմմա», «Բեռնակառք», «Գործազուրկը», «Թխահերն ու շիկահերը» և բազմաթիվ այլ օֆորտներ առանձնանում են իրական կյանքի թշվառության ու պերճանքի պատկերմամբ: Շահինի ավելի ուշ ժամանակաշրջանի հայտնի գործերից են «Կուլոնի աբբայարանը», «Սուրբ Մարկոսի հրապարակը», «Գեղեցիկ հայկական քիթ», «Հմայիչ կինը», «Հրաշալի երեխան», «Ֆրանչեսկոնի», «Պալլացո Կլարի»:

Շահինն իր գործերում կիրառել է էստամպի (փորագրանկարների արտատիպ) գրեթե բոլոր եղանակները՝ չոր ասեղ,  օֆորտ, փափուկ լաք, աքվատինտա։ Ստեղծագործել է նաև գրքի նկարազարդման բնագավառում․ ձևավորել է ժամանակի հայտնի հեղինակների գրքեր:

1916 թ-ից անդամակցել է Հայ արվեստագետների միությանը, մասնակցել Թիֆլիսում և Երևանում կազմակերպված ցուցահանդեսների:

Արժանացել է ոսկե մեդալի Փարիզում (1900 թ.) կազմակերպած համաշխարհային ցուցահանդեսում, ոսկե մեծ մրցանակի Վենետիկի բիենալեում (1903 թ.), Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի (1932 թ.)։

Շահինի գործերը պահվում են Փարիզի ազգային գրադարանում, Վենետիկի Մխիթարյան միաբանության պատկերասրահում և Կա Պեզարո քաղաքային թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում (300-ից ավելի), Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժում, Մոսկվայի Պուշկինի անվան կերպարվեստի և եվրոպական երկրների մի շարք թանգարաններում։

1991 թ. Ֆրանսիայում` Սեն Միշել վանքի տարածքում, բացվել է «Էդգար Շահին» արվեստի կենտրոնը։

Դիմերես՝ Էդգար Շահինի «Գեմմա» օֆորտը (1910 թ., Հայաստանի ազգային պատկերասրահ):

Դարձերես՝ Էդգար Շահինի դիմապատկերը և «Թխահերն ու շիկահերը» օֆորտը (1907 թ., Հայաստանի ազգային պատկերասրահ):

Էսքիզների հեղինակ՝ Լուսինե Լալայան:

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը  100 դրամ

Մետաղը/հարգը  արծաթ 9250

Քաշը  28,28 գ

Չափը  28,0 x 40,0

Որակը լավացված

Դրամաշուրթը հարթ

Թողարկման քանակը 300 հատ

Թողարկման տարեթիվը 2024