Սելեկտիվ աբորտների պատճառով ՀՀ-ում 80 հազար աղջիկ չի ծնվել

ՀՀ-ում առաջիկա տարիներին աղջիկների թվաքանակի հետ կապված խնդիր ենք ունենալու։ Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վերջերս մի տեղեկանք էի կարդում, որտեղ արված արձանագրման համաձայն, սելեկտիվ աբորտների հետևանքով առաջիկա տարիներին աղջիկների թվաքանակի հետ կապված խնդիրներ կան, որ մեր վերարտադրողական պոտենցիալի վրա էական նեգատիվ ազդեցություն է արդեն ունեցել, կամ առաջիկայում ունենալու է»,- հայտնեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ այդ խոսակցությունը պետք է հանրության հետ ունենալ, բայց որ այն լինի լսվող, ոչ թե միայն բյուջեով այդ նպատակով ծախսած գումարով։

Ըստ Փաշինյանի՝ սա միայն կառավարության խնդիրը չէ, այլ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու օրակարգի հարց է, և պետք է այդ մասին անընդհատ խոսել՝ հատկապես ժողովրդավարության պայմաններում։

«Այլ բան է, որ երբ մենք խոսելու անհրաժեշտության մասին առիթներ ենք փնտրում և առիթներ ենք ստեղծում, հետո մի X պահի պազվում է, որ մենք խոսել չգիտենք։ Էն, որ սկսեցինք դպրոց կառուցել, տեսանք, որ դպրոց կառուցել չգիտենք,  փորձեցինք ինչ-որ բաներ անել՝ տեսանք, որ դրանք էլ չգիտենք։ Հեսա կպարզվի, որ խոսել էլ չգիտենք, որովհետև հենց սկսում ենք խոսել 15-րդ րոպեից աթոռներն առնում ենք ու հագցնում իրար գլխի»,- ասաց նա։
Փաշինյանի կարծիքով, պետք է խոսել այդ մասին և դրա համար պետք է խոսքի ռազմավարություն ունենալ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն էլ հայտնեց, որ աբորտների պատճառով արդեն 80 հազար աղջիկ չի ծնվել։

«Վերջին տասնամյակներում սելեկտիվ աբորտների պատճառով շուրջ 80 հազար մարդկային կապիտալ արդեն իսկ կորցրել ենք, այսինքն` շուրջ 80 հազար աղջիկ երեխաներ չեն ծնվել, որոնք արդեն իսկ վերարտադրողական տարիքում կլինեին ու բնակչության կառուցվածքում էական ազդեցություն կթողնեին»,– հայտարարեց նախարարը։

Կառավարության նիստի ժամանակ նաև նշվեց, որ հատկապես աշխատող մայրերի համար պետք է համապատասխան պայմաններն ընդլայնել։ Մասնավորապես նշվեց, որ մանկապարտեզներում մսուրային խմբերի քանակը պետք է ընդլայնել։