Հայկական ԱԷԿ-ի արդիականացումից հետո էլեկտրաէներգիայի արտադրությունը ավելացել է 10-12 տոկոսով․ «Ռուսատոմ» սերվիս»
Հայկական ԱԷԿ-ի արդիականացումից հետո էլեկտրաէներգիայի արտադրությունը ավելացել է 10-12 տոկոսով։ Այս մասին «Ռոսատոմի» առաջարկը Հայաստանում ԱԷԿ-ի կառուցման և տեղի արդյունաբերության ներգրավման վերաբերյալ» թեմայով սեմինարում հոկտեմբերի 17-ին հայտնել է «Ռուսատոմ» սերվիս» բաժնետիրական ընկերության համալիր նախագծերի վարչության պետ Յուրի Սվիրիդենկոն։
Նա նշել է, որ «Ռուսատոմ» սերվիս»-ը Հայաստանում աշխատում է արդեն 10 տարի և այդ ընթացքում երկարացվել է կայանի շահագործման ժամկետը մինչև 2026թ. և արդիականացվել է ԱԷԿ-ը։ «Բացի այդ, իրականացվում է կայանի սպասարկունը, կատարվում է նրա շահագործման ժամկետի երկրորդ երկարացման աշխատանքը՝ մինչև 2036թ.»,- ավելացրել է նա։
Սվիրիդենկոն նշել է, որ 2015-2021 թթ. Ռուսաստանի վարկային և Հայաստանի կառավարության միջոցներով իրականացվել է 250 մլն դոլար բյուջեով նախագիծ։ Նա ընդգծել է, որ կատարված աշխատանքների շնորհիվ ապահովվել է Հայաստանի էներգաանվտանգությունը։
«Հայաստանում մեր գործունեության ընթացքում նորոգվել է 16 կիլոմետր երկաթուղի։ Բացի այդ, իրականացվել են կրթական և սոցիալական նախագծեր»,- ամփոփել է Յուրի Սվիրիդենկոն։

