Բացի հաստատված 23 անձանցից, փաստվում է ևս 80 անձանց Բաքվում պահվելու հանգամանքը. Արցախի ՄԻՊ

Բաքվում պահվող հայ ռազմագերիներին և պատանդներին անհապաղ ազատ արձակելու պահանջով ակցիայի մասնակիցները նամակներ հանձնեցին ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակցին։

«Նամակներից մեկը Արցախի թեմի առաջնորդի անունից է` COP29-ից առաջ Արցախի ժողովրդի տարբեր իրավունքների վերաբերյալ պահանջներով, որը ևս փոխանցվեց ՄԱԿ հայաստանյան գրասենյակին»,-ասաց Ստեփանյանը։

Նախքան նամակի հանձնելը, Գեղամ Ստեփանյանն ընթերցեց նամակը, որում մասնավորապես ասվում էր. «Բացի ադրբեջանական իշխանությունների կողմից հաստատված և Բաքվի բանտերում պահվող 23 անձանցից, հայ իրավապաշտպան համայնքի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքում հավաքագրված տեղեկություններով փաստվում է ևս շուրջ 80 անձանց հավանական գերեվարության հանգամանքը, որոնց վերաբերյալ Ադրբեջանը որևէ տեղեկություն չի տրամադրում։

Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման, ինչպես նաև անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու հարցերին զուգահեռ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության տեսանկյունից մեծագույն կարևորություն ունեն Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության և մասնավոր գույքի պահպանության և Արցախի ժողովրդի հավաքական անվտանգ ու արժանապատիվ վերադարձի իրավունքի իրացման հարցերը»,-ասաց նա:

Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով մի խումբ քաղաքացիներ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առաջ բողոքի ակցիա են իրականացնում։ Նախաձեռնությանը միացել են ԱՀ մարդու իրավունքների պաշտոնաթող պաշտպաններ Յուրի Հայրապետյանը, Ռուբեն Մելիքյանը, Արտակ Բեգլարյանը, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտոնաթող պաշտպաններ Արման Թաթոյանը և Լարիսա Ալավերդյանը։