Կառավարությունը լուծարեց «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 5-ի նիստում որոշեց լուծարել «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որն ստեղծվել էր 2018 թ․ մայիսին։

Հիմնավորման մեջ նշվում է, որ կազմակերպության նպատակներն են սահմանվել տակտիկատեխնիկական առաջադրանքների առաջադրմամբ հատուկ գիտատեխնիկական աշխատանքների իրականացման կարգավորումը և մշակման ու շահագործման ամբողջ ընթացքում գիտատեխնիկական ուղեկցումը,  զինված ուժերի և սպառազինության ու ռազմական տեխնիկայի զարգացման պլանների հիման վրա գիտատեխնիկական մշակումների խնդիրների իրականացման դրվածքների առաջադրումը, հայրենական արտադրության սպառազինության որոշ տեսակներով արտաքին շուկա դուրս գալու նախադրյալների ստեղծումը, ինչպես նաև թույլատրվել է իրականացնել տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ, բնական ու տեխնիկական գիտությունների բնագավառում գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ, մասնագիտական, գիտական և տեխնիկական այլ գործունեություն:

2023-ին հաստատվել են ՊՆ և ԶՈՒ գլխավոր շտաբի նոր կանոնադրությունները և դրանց հիման վրա հստակեցված գործառույթներն ու կառուցվածքը, որոնց շրջանակներում նախարարության կառուցվածքում  ներառվել են կազմակերպության գործունեության մի շարք ուղղությունները և կառավարչական, գործառույթների չկրկնման ու միջոցների օպտիմալացման տեսանկյունից նպատակահարմար է գտնվել լուծարել կազմակերպությունը: