Թուրքիայի ԱԳՆ-ը Կիպրոսին մեղադրում է պատմությունը խեղաթյուրելու մեջ

Թուրքիայի արտգործնախարարությունը սոցիալական ցանցում կատարած գրառմամբ անդրադարձել է մոտ ժամանակներս Netflix-ում հրապարակվելիք «Famagusta» սերիալին:

Նախարարության գրառման մեջ նշվել է, թե սերիալն աղավաղում է պատմական իրողությունները և հանդիսանում է Կիպրոսի քարոզչություն, փոխանցում է «Էրմենիհաբեր»-ը:

«Թվային հարթակներից մեկում հրապարակվելիք «Famagusta» անունով սերիալը, խեղաթյուրելով պատմական փաստերը, ծառայում է Հարավային Կիպրոսի հունական կառավարության սև քարոզչությանը»:

Թուրքական արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է, որ պատմական խեղաթյուրումը վերաբերում է 1963-ից 1974-ն ընկած ժամանակահատվածին, որի ընթացքում կիպրոսցի թուրքեր են սպանվել:

Գրառման մեջ ասվել է, որ վերոհիշյալ սերիալը անարգանք է այդ տարիներին, ըստ իրենց, հույների կողմից սպանված թուրքերի նկատմամբ: Այս պարագայում Թուրքիայի ԱԳՆ գրառման մեջ հույները որակվել են որպես «արյունով կուրացած կիպրոսցի հունական ցեղեր»:

«Փաստերն այլ կերպ արտացոլելու նման ապարդյուն փորձերն ավելի են ամրապնդում մեր ազգային դատի՝ Կիպրոսի հարցում պայքարելու մեր վճռականությունը»,-ասվել է սոցցանցյան գրառման մեջ:

Նշենք, որ սերիալային իրադարձությունները տեղի են ունենում Կիպրոսի Ֆամագուստա քաղաքում: Դրա կարճ նկարագրության համաձայն՝ 1974-ի ամռանը՝ Կիպրոս թուրքական ներխուժման ժամանակ, Ֆամագուստայում ապրող մի զույգ կորցնում է իր երեք ամսական երեխային և ստիպված լքում քաղաքը՝ ենթարկվելով բռնության: