Հրայր Թովմասյանի գործով նիստը կշարունակվի վաղը. դատավորը Թովմասյանին հրավիրեց նիստին
Երևանի Առաջին ատյանի դատարանի Կենտրոնի մասնաճյուղում ընթացող ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստին ժամը 14։00-ին փաստաբան Արամ Օրբելյանն ընդհատեց իր պաշտպանական ճառը և առաջարկեց դադարեցնել դատական նիստը, քանի որ ֆիզիկապես հոգնել է և բացի այդ իրեն դատարանից ծանուցել էին, որ մինչև 14։00-ն է լինելու այն։
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը համաձայնեց նիստը հետաձգել մինչև հաջորդ օրը՝ 10։00-ն և Օրբելյանին առաջարկեց Հրայր Թովմասյանին հրավիրել դատական նիստին՝ չնայած իր կողմից նախկինում ընդունած՝ դահլիճից հեռացման դատական սանկցիայի առկայությանը։
Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ դատարանը Հրայր Թովմասյանին հեռացրել է դահլիճից՝ խաչը գրպանը դնելու պահանջը չկատարելու համար:
Նշենք, որ Հրայր Թովմասյանին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է առաջադրվել, որն առաջացրել է ծանր հետևանքներ։
Դատական տեղեկատվական համակարգում ներկայացված մեղադրանքի համաձայն. «Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը և օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, կարգադրիչ լիազորություններով, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, խոչընդոտել է նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատւթյան նախարարության, նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։
Բացի այդ Հրայր Թովմասյանը, նույն շահագրգռվածությամբ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նույն նախարարության մի խումբ պաշտնակատար անձանց հետ համակցությամբ՝ հարկադրվել է ՀՀ նոտարական պալատի նախագահին՝ պալատի համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով վարձակալել փաստացի իրեն պատկանող, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 8/1 շենքի 1-ին հարկում գտնվող անշարժ գույքը, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ նոտարական պալատի օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ»։

