Երևանում միասնական տոմսային համակարգի ներդրման աշխատանքները կավարտվեն մինչև սեպտեմբերի կեսերը

Երևանում միասնական տոմսային համակարգի ներդրման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև սեպտեմբերի կեսերը։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

«Միասնական տոմսային համակարգի հետ կապված հանձնման-ընդունման փուլում ենք։ Կարծում եմ` մինչև սեպտեմբերի 15-ը կավարտենք այդ աշխատանքները։ Կունենանք նաև նոր կանգառասրահի նմուշային օրինակը, քանի որ նախորդը մենք չընդունեցինք։ Կազմակերպությունը նորն է պատրաստելու, մինչև ամսի 15-ը կտեղադրվի»,– նշեց Գրիգորյանը։

Նա չպարզաբանեց, թե կանգառասրահի նմուշային օրինակը որտեղ է տեղադրվելու։