Վերադարձնել հայ գերիներին, վերանայել COP29-ը Ադրբեջանում անցկացնելու որոշումը․ ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի մոտ
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ ակցիա է իրականացնում «Հայկանդուխտ» ավանդապաշատ ժողովրդավարական կուսակցությունը, նախաձեռնությանը միացել են քաղաքացիներ, անհետ կորած զինծառայողների հարազատներ։ Ակցիայի մասնակիցները նամակ են հանձնում ՄԱԿ-ի գրասենյակ՝ ուշադրություն հրավիրելով Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին և Բաքվում ապօրինաբար գերության մեջ պահվող հայ գերիների խնդրին։
Կուսակցության ներկայացուցիչ Ռուզաննա Ստեփանյանը լրագրողներին լրագրողներին ներկայացրեց նամակի բովանդակությունը։
«Մեր մտահոգությունները շատ հստակ են, այս որոշումը անհամատեղելի է ՄԱԿ-ի նպատակների և արժեքների հետ՝ հաշվի առնելով Ադրբեջանի անպատասխանատու վարքագիծը մարդու իրավունքների հարցերում։ Ադրբեջանի բանտերում շարունակում են անօրինական պահվել հայ գերիներ, ինչը հակասում է միջազգային իրավունքի նորմերին և մարդու իրավունքներին։ Ադրբեջանում բացակայում է անկախ դատական համակարգը, ինչը բացառում է հայ գերիների գործերի արդար քննությունն ու նրանց ազատ արձակումը։
Ադրբեջանն իրականացրել է Արցախի բնակչության բռնի տեղահանում, ինչը համարվում է ցեղասպանության տեսակ՝ համաձայն Ցեղասպանության կոնվենցիայի։ Ադրբեջանը չի կատարել ՄԱԿ-ի պահանջներն Արցախի հարցի վերաբերյալ։
Սա ցույց է տալիս Ադրբեջանի անհարգալից վերաբերմունքը միջազգային կազմակերպությունների, միջազգային իրավունքի նկատմամբ։
Հայ գերիների վերադարձը լրջորեն վտանգված է: Մտավախություն կա, որ COP29-ից հետո Ադրբեջանը կարող է խոչընդոտել նրանց ազատ արձակմանը:
Հաշվի առնելով վերանշյալը՝ կոչ ենք անում ՄԱԿ-ին՝ պահանջել Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինաբար կալանքի տակ պահվող հայ գերիներին՝ հակառակ պարագայում վերանայել COP29-ը Ադրբեջանում անցկացնելու որոշումը՝ մինչև բոլոր հայ գերիների ազատ արձակումը։
ՄԱԿ-ը որպես միջազգային խաղաղության, մարդու իրավունքների պաշտպան, պետք է գործի իր արժեքներին համապատասխան ու չթույլատրի այս կարևոր միջոցառման անցկացումը մի երկրում, որը շարունակում է խախտել միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները»,- նշեց Ռ. Ստեփանյանը։

