Թրամփն ասել է՝ հույս ունի վերընտրվելու դեպքում կրկին «լեզու գտնել» Պուտինի հետ

ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը ձեռնարկատեր Իլոն Մասկի հետ հարցազրույցում ասել է, որ ակնկալում է վերընտրվելու դեպքում կրկին «լեզու գտնել» Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։

«Ռիա նովոստի»-ի հաղորդմամբ, նախկին նախագահի կարծիքով,  Պուտինն ու Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը «լավագույններից են իրենց գործում»։ Թրամփը նշել է, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը մեծ սխալ է թույլ տվել՝ հրաժարվելով Ուկրաինայի հարցով բանակցել Ռուսաստանի ղեկավարի հետ։

Նա ասել է, որ ՌԴ առաջնորդի հետ իր զրույցի ժամանակ նախազգուշացրել է Պուտինին զերծ մնալ Ուկրաինայի դեմ ցանկացած հարձակողական գործողությունից։

«Ես Վլադիմիր Պուտինին ասացի. «Մի՛ արա դա: Դու չպետք է դա անես, Վլադիմիր»։ Դա մեր վերջին զրույցն էր: Նա երբեք և ոչ մի դեպքում նման քայլի չէր դիմի, մենք միմյանց հետ լեզու էինք գտնում: Հուսով եմ՝ նորից նրա հետ համաձայնության կգամ: Դա կլինի լավ, ոչ թե վատ» – ասել է Թրամփը։

Թրամփի կարծիքով, Վլադիմիր Պուտինը լավ բանակցող է։