ԱՄՆ-ը Թրամփի օրոք արտասահմանում ռազմական ուժ կկիրառի «միայն անհրաժեշտության դեպքում». Վենս
ԱՄՆ փոխնախագահի հանրապետական թեկնածու Ջեյմս Դևիդ Վենսը հավաստիացնում է, որ ԱՄՆ-ը արտասահմանում ռազմական ուժ կկիրառի «միայն այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ լինի», եթե ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաղթի նախագահական ընտրություններում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք մեր երեխաներին կուղարկենք պատերազմ միայն այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ լինի»,- ասել է նա՝ ելույթ ունենալով հանրապետականների ազգային համագումարում (Միլուոկի, Վիսքոնսինի նահանգ)։
«Նախագահ Թրամփը ԻՊ ոչնչացմամբ և շատ այլ գործողություններով ցուցադրել է. երբ մենք խփում ենք, ուժեղ ենք խփում»,- նշել է Վենսը։
Միլուոկիում հուլիսի 15-ին աշխատանքն է սկսել Հանրապետական կուսակցության համագումարը։ Առաջին օրը պատվիրակները Թրամփին առաջադրել են կուսակցությունից նախագահի թեկնածու, իսկ սենատոր Վենսին՝ փոխնախագահի թեկնածու։ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 5-ին։ ԱՄՆ ներկայիս նախագահ, 81-ամյա Ջո Բայդենը, որն առաջադրվում է երկրորդ ժամկետով, արդեն ստացել է Դեմոկրատական կուսակցության պատվիրակների բավականաչափ թվով աջակցությունը։ Դեմոկրատական կուսակցության համագումարը տեղի կունենա օգոստոսին։

