«Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի» գույքը կտրվի Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիի 18-ի նիստում որոշեց ԳԱԱ «Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ից գույքը հետ վերցնել և ամրացնել ԿԳՄՍ նախարարությանը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ պետական կառավարման համակարգում ստեղծվել է նոր մարմին` Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, որը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ և իրականացնում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտի միասնական քաղաքականությունը:

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գտնվելու վայրն է՝ Երևան, Օրբելի

եղբայրների 22, որը 2009-023 թվականներին հանդիսացել է նախկին Գիտության կոմիտեի հասցեն, և վերջինս իր 39 հաստիքային միավորով զբաղեցրել է շենքի  7-րդ և 8-րդ հարկերը:

Սակայն 2023-ին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հաստիքների առավելագույն թիվը սահմանվել է 71։  Կոմիտեի բնականոն գործունեությունը կազմակերպելու, համալրված անձնակազմի համար համապատասխան աշխատանքային պայմաններ ապահովելու համար տարածքի ընդլայնման անհրաժեշտություն է առաջացել։

Օրբելի եղբայրների 22 շենքի 6-րդ և 9-րդ հարկերը ներկայումս զբաղեցնում են համապատասխանաբար՝ «Լ.Ա.Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ը և «Մասնագիտական կրթության  որակի  ապահովման  ազգային կենտրոն» հիմնադրամը:

Որոշմամբ 6-րդ հարկը հետ է վերցվում «Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտից» և ամրացվում ԿԳՄՍՆ-ին՝ վերջինիս ենթակայությամբ գործող Կոմիտեի գործունեությունը  կազմակերպելու նպատակով:

Նշվում է, որ որոշման ընդունումը չի խաթարի «Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի»  գործունեությունը, գիտական հետազոտությունների իրականացման բնականոն ընթացքը։