Այսօրվա մեծագույն թշնամին պոպուլիզմն է. Մարիո Վարգաս Լյոսա

Mediamax

Գեղարվեստական վեպեր գրելուց զատ մեր ժամանակների մեծագույն գրողներից մեկը, Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարիո Վարգաս Լյոսան համառ պայքար է մղում քաղաքացիական ազատությունների համար: Իր նոր՝ «The Call of the Tribe» («Ցեղի կոչը») գրքում նա գրում է ազատական մտածելակերպի մասին և երախտիքի խոսքեր ուղղում յոթ գրողներին և փիլիսոփաներին, որոնք համարվում են ազատականության ռահվիրաները:

El Pais-ը գրողի հետ զրուցել է լիբերալիզմի, ինտելեկտուալ կուրության և վտանգների մասին, որոնց այսօր բախվում է ժողովրդավարությունը:

Հարձակումներ՝ ազատ մտածողության վրա

Ազատ մտածողությունը թիրախավորում են գաղափարախոսությունները, որոնք ազատության թշնամիներ են և որոնք ազատականությունն արդարացիորեն համարում են իրենց ամենահամառ ախոյանը: Ֆաշիզմն ու կոմունիզմը ուժեղ հարձակումներ են կատարել լիբերալիզմի վրա` հիմնականում ներկայացնելով այն ծաղրանկարի ձևով, ինչպես նաև կապելով պահպանողականության հետ: Սակայն ժողովրդավարությունը առաջ է գնացել, և մարդու իրավունքները ճանաչվել են հիմնականում լիբերալ մտածողների շնորհիվ:

Լիբերալիզմը ոչ միայն ներառում, այլև խրախուսում է տարբերությունը: Այն ճանաչում է, որ հասարակությունը բաղկացած է շատ տարբեր տեսակի մարդկանցից և շատ կարևոր է պահպանել այդ տարբերությունը: Սա գաղափարախոսություն չէ. գաղափարախոսությունը աշխարհիկ կրոն է:

Լիբերալիզմը պաշտպանում է մի քանի հիմնարար գաղափար՝ ազատություն, անհատականություն, կոլեկտիվիզմի և ազգայնականության մերժում, այլ կերպ ասած՝ դեմ է բոլոր այն գաղափարախոսություններին ու դոկտրինաներին, որոնք սահմանափակում կամ ոչնչացնում են ազատությունը հասարակության մեջ:

Ինչո՞ւ են լիբերալները մերժում ազգայանականությունը

Ազգայնականությունն ու ազատությունն անհամատեղելի են: Պարզապես հարկավոր է քերծել մակերևույթը՝ տեսնելու համար, որ ազգայանականությունը ռասիզմ է պարունակում: Եթե դուք հավատում եք, որ որոշակի երկրի, ազգի, ռասայի կամ կրոնի պատկանելն առաջնահերթություն է, արժեք է ինքնին, ուրեմն դուք հավատում եք, որ ավելի բարձր եք ուրիշներից:

Ռասիզմն էլ անխուսափելիորեն հանգեցնում է բռնության ու ազատության ճնշման:

Արևմտյան ժողովրդավարության այսօրվա հիմնական մարտահրավերը

Ամենամեծ թշնամին այսօր պոպուլիզմն է: Մարքսիզմն արդեն քաղաքական կյանքի ետնաբեմում է, բայց այն պոպուլիզմ չէ: Պոպուլիզմը խարխլում է ժողովրդավարությունը ներսից:

Ի՞նչ է պետությունը

Լիբերալներն ուզում են արդյունավետ, բայց ոչ ինվազիվ պետություն: Պետություն, որը կերաշխավորի ազատությունն ու հավասար հնարավորությունները:

Իհարկե, ազատականության աղավաղումներ ևս կան: Օրինակ՝ կան տնտեսագետներ, որոնք լիովին կաղապարված են և համոզված, որ միայն տնտեսական բարեփոխումները կարող են ազատություն բերել: Ես համաձայն չեմ, կարծում եմ՝ գաղափարներն ավելի կարևոր են, քան տնտեսական բարեփոխումը:

Արդյո՞ք քաղաքական կոռեկտությունը սպառնում է ազատությանը

Քաղաքական կոռեկտությունը ազատության թշնամին է, քանի որ մերժում է ազնվությունը և ինքնությունը: Մենք պետք է դիտարկենք այն որպես ճշմարտության խեղաթյուրում:

Կեղծ լուրեր (Fake news)

Նոր եզրույթ է՝ հին իրականության համար: Կոմունիզմն աներևակայելի խելացի էր իրականությունը խեղաթյուրելու առումով՝ ազնիվ մարդկանց ճնշելով և կեղծ ճշմարտությամբ ստերը փոխարինելով:

Այն, ինչ ունենք այսօր, տեխնոլոգիական հեղափոխությունն է, որն ավելի շատ խաթարում է ժողովրդավարության ուղին, քան ամրապնդում այն: Այդ տեխնոլոգիան կարող է օգտագործվել տարբեր նպատակների համար, բայց ժողովրդավարության և ազատության թշնամիները օգտագործում են այն իրենց նպատակներն առաջ մղելու համար:

Սա իրականություն է, որին մենք ստիպված ենք դիմագրավել, բայց դժբախտաբար, դեռ շատ սահմանափակ միջոցներ ունենք դա անելու համար: Մենք ռմբակոծվում ենք այն տեխնոլոգիայով, որն օգտագործվում է ստին և պոստ-ճշմարտություններին ծառայելու համար, և եթե մենք չդիմադրենք երևույթին, այն կարող է իսկապես կործանարար դառնալ: