«Ոսկե ծիրան»-ը կարմիր գորգի փոխարեն ներկայացրեց տեղացի գորգագործ վարպետների պատրաստած գորգերը
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմկոմիտեից հայտնում են, որ այս տարի կինոփառատոնի բացման արարողության ավանդական կարմիր գորգը փոխարինել էր արվեստագետ Դավիթ Քոչունցի դիզայնի հիման վրա տեղացի գորգագործ վարպետների ձեռքերով պատրաստած՝ 21 մ երկարությամբ 7 եզակի կարպետներով։ «Վերիշենի արհեստների կենտրոնի» և «Woolway արվեստանոցի» կին գորգագործների ձեռքերով պատրաստած կարպետները կազմում են Նայիրի Խաչատուրեանի համադրած «Տեղորոշում» ժամանակակից կարմիր գորգի հավաքածուն։ Հավաքածուն կառուցված է հայկական գորգագործության բնօրրան՝ Արցախի բնակավայրերի տեղագրական քարտեզներով։ Հավաքածուն թողարկել է «ԱՀԱ կոլեկտիվը»` «Ոսկե ծիրանի» և ARARAT թանգարանի համագործակցությամբ։

Բացման արարողության ընթացքում կարպետներից մեկը հանձնվեց փառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահ, կրկնակի oսկարակիր Ալեքսանդր Փեյնին։
«Ավանդույթը կոտրելը, իհարկե, դժվար որոշում է, այն էլ այնպիսին, որն ունի ավելի հին պատմություն, քան աշխարհի բոլոր կինոփառատոնները, սակայն հզոր ավանդույթին հրաժեշտ տալուց էլ ավելի մեծ ուժ է տալիս նոր ավանդույթի ստեղծումը»,-նշում է փառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը։
«Գորգարվեստը հայկական մշակույթի առանցքային դրսևորումներից է` իր դարավոր պատմությամբ ու վարպետությամբ և միջազգային բարձր ճանաչմամբ։ Ուրախ եմ, որ 2023 թ.-ից ի վեր «ԱՀԱ կոլեկտիվը» Դավիթ Քոչունցի հետ միասին սկսել է ժամանակակից բովանդակություն և նոր ձևեր բերել հայկական գորգարվեստում` կին գորգագործների հետ համագործակցությամբ։ Կարևոր է, որ թե՛ գորգագործությունը, թե՛ խորհրդանշերը անընդհատ ընդլայնվեն և արտացոլեն արդի իրողությունները։ Այսպիսով հասարակության մեջ կձևավորվեն նոր մշակութային խոսույթներ և անցյալի ու ներկայի միջև ավելի խորը կապ և փոխըմբռնում»,- նշում է համադրող, արվեստաբան, ԱՀԱ կոլեկտիվի հիմնադիր Նայիրի Խաչատուրեանը։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

