Խայտառակություն՝ Հունգարիայի և սկանդալ Եվրոպայի համար․ Նատալի Լուազոն՝ օկուպացված Շուշի Օրբանի այցելության մասին
Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում Հյուսիսային Կիպրոսի ներկայացուցչի հետ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին խայտառակություն է Հունգարիայի համար։ Այս մասին իր X-ի միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով կոմիտեի նախագահ Նատալի Լուազոն։
Եվրոպական խորհրդարանի պատգամավորի խոսքով՝ այս այցը սկանդալ է Եվրոպայի համար:
«Արդյո՞ք Հունգարիայի վարչապետ Օրբանը կասկածի տակ է դնում Կիպրոսի խնդիրը», – գրել է նա՝ կից հրապարակելով Օրբանի՝ Շուշի այցից լուսանկար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵՄ-ն դժգոհել է Օրբանի՝ օկուպացված Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցությունից։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
Նշվել է, որ Օրբանի մասնակցությունը գագաթաժողովին բացառապես Հունգարիայի և այս կազմակերպության միջև երկկողմ հարաբերությունների շրջանակում է: Բորելի հայտարարության մեջ ընդգծվում է, որ Հունգարիան ԵՄ-ից մանդատ չի ստացել Թյուրքական պետությունների կազմակերպության հետ հարաբերությունները խթանելու համար։
Նշենք, որ հուլիսի 5-6-ը օկուպացված Արցախի Հանրապետության Շուշի կայացել է ԹՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովը, որին մասնակցել են Ադրբեջանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Հունգարիայի ղեկավարները։
Հանդիպմանը հրավիրված էր նաև «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» նախագահ Էրսին Թաթարը։ Թուրքիան գագաթաժողովին ներկայացնում էր փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։

