Լեզվի կոմիտեն տեղափոխվում է նոր հասցե, որտեղ պայմաններն ավելի բարենպաստ են
Կառավարության այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշում կայացվեց, որով Լեզվի կոմիտեն տեղափոխվում է Օրբելի եղբայրների փող., 22 շենք:
Նշենք, որ այժմ Լեզվի կոմիտեն տեղակայված է Կիևյան 16 հասցեում գտնվող ոչ բնակելի հասարակական նշանակության շենքի 9-րդ հարկում և զբաղեցնում է 250 քմ տարածք:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Կիևյան 16 հասցեում գտնվող բազմահարկ շենքը օգտագործվում է մասնավոր և պետական այլ կառուցների կողմից կամ հանձնված է վարձակալությամբ, ինչը խոչընդոտ է հանդիսանում Լեզվի պետական կոմիտեի բնականոն գործունեությանը: Բացակայում է Լեզվի կոմիտեի ընթացիկ աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ պայմանները (պատշաճ կահավորված դահլիճ, հանդիպումների սենյակի բացակայություն, ոչ բարվոք վիճակում գտնվող սանհանգույցը, կահույքի ամբողջական լրակազմի բացակայությունն ու մաշվածությունը և այլն):
Օրբելի եղբայրների փող., 22 շենքում նշված տարածքը Լեզվի կոմիտեին տրամադրելու դեպքում կստեղծվի աշխատանքային բարենպաստ պայմաններ: Կմեծանա նոր ծրագրեր իրականացնելուհնարավորությունը, հնարավորություն կնձեռնվի նշված հասցեում գործող ՀՀ ԿԳՄՍ նախարարություն բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հետ իրականացնել համատեղ ծրագրեր, կազմակերպել քննարկումներ և խորհրդակցություններ՝ արդյունավետ կերպով օգտագործելով միմյանց պատկանող սրահներն ու միջոցառումների համար նախատեսված տարածքները։ Այս կերպ հնարավոր կլինի նաև ավելի մեծ արդյունավետությամբ կատարել Լեզվի կոմիտեի տնտեսավարման և սպասարկման գործընթացները, որոնք խնդիր են ներկայիս պայմաններում։

