Ռուսաստանը չի հրաժարվում ռազմատեխնիկական ոլորտում Հայաստանի հետ շփումներից. Մարիա Զախարովա

Ռուսաստանը չի հրաժարվում Հայաստանի հետ շփումներից ռազմատեխնիկական ոլորտում: Այս մասին այսօր ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությանը, թե Արևմուտքի հովանոցի տակ անցնելու պատճառով Հայաստանը կարող է զրկվել ՌԴ-ի հետ միասնական պաշտպանական տարածքի պահպանումից։

Ռազմական արտադրանքի մատակարարման հետ կապված՝ Զախարովան կոչ է արել մարդկանց դիմել համապատասխան գերատեսչություններին։

«Օտար երկրներ ռազմական արտադրանքի մատակարարումները կատարվում են՝ հաշվի առնելով հատուկ ռազմական գործողության կարիքները։ Զենքի և ռազմական տեխնիկայի առանձին տեսակների նկատմամբ առկա սահմանափակումները վերաբերում են ոչ միայն Հայաստանին, այլև մեր մյուս գործընկերների հետ ռազմատեխնիկական համագործակցությանը։

Ինչ վերաբերում է Հայաստանի հետ ռազմատեխնիկական ոլորտում շփումներին, մենք դրանցից չենք հրաժարվում։ Դրանք պարբերաբար իրականացվում են, մենք այդ կողմից բողոքներ չենք տեսել»,- ասել է Զախարովան։