Wizzair ավիաընկերության Միլան-Երևան չվերթի հետաձգման պատճառը ինքնաթիռի փոփոխությունն է եղել. քաղավիացիա
Wizzair ավիաընկերության Միլան-Երևան հետաձգված թռիչքն արդեն կայացել է. Հայաստանի ժամանակով ժամը 14:00-ին այն կժամանի Երևան, ինչից մոտ մեկ ժամ անց էլ կկայան Երևան-Միլան չվերթը: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, NEWS.am-ին հայտնեցին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:
«Թռիչքի հետաձգման պատճառը ինքնաթիռի փոփոխությունն է եղել, սակայն դեռևս տեղեկություն չունենք, թե ինչով է պայմանավորված եղել փոփոխության անհրաժեշտությունը»,-հայտնեցին քաղավիացիայից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Wizzair ավիաընկերության Միլան-Երևան չվերթի ուղևորները մոտ 12 ժամ գտնվում էին օդանավակայանում և չէին կարողանում վերադառնալ Հայաստան, պատճառը սակայն ուղևորները ճշտել չէին կարողացել: Միևնույն ժամանակ, Երևան-Միլան չվերթի ուղևորները նույնպես չեն կարողացել մեկնել. նրանց նույնպես հայտնի չէր պատճառը։ Ի տարբերություն Երևան թռչող ուղևորների, նրանց տրամադրվել է գիշերակաց և նախաճաշ։
Ֆեյսբուքյան էջում Միլանի օդանավակայանից տեսագրություն էր հրապարակել ուղևորներից մեկը՝ Գոհար Հակոբյանը: ««Wizz Air»-ը մեզ ձեռք է առնում։ Ամբողջ ժողովուրը բողոքում է։ Մեզ երեք անգամ տարան ինքնաթիռ, հետ բերեցին, նորից տարան»,- տեսանյութում նշել էր նա։

