73-ամյա Տիգրան Սարիբեկյանին խմբակային խուլիգանության մեղադրանք են ներկայացրել

Բաղրամյան պողոտայից ձերբակալված 73-ամյա Տիգրան Սարիբեկյանին խմբակային խուլիգանության մեղադրանք են ներկայացրել: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Փաստաբանի խոսքով, Բաղրամյան պողոտայում հունիսի 12-ին, ոստիկանների կողմից ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցների կիրառման հետևանքով ականջը վնասած Տիգրան Սարիբեկյանին խմբակային խուլիգանության մեղադրանք են ներկայացրել:

«Գործին կցված տեսանյութում երևում է, որ այդ մարդու ոտքերի տակ ընկնում է նռնակը՝ վնասելով  նրա ականջը: Նա մի քանի քայլ անցնում է, մի փայտի կտոր վերցնում ու մի թեթև առաջ նետում, այնքան թեթև, որ վստահաբար ոստիկաններին չի էլ հասնում: Ու դրա անունը դնում են խուլիգանություն»,-ասաց Ռուբեն Մելիքյանը՝ պատմելով, որ Տիգրան Սարիբեկյանի ցուցմունքի համաձայն, նախքան այդ՝ կարմիրբերետավորները նրա նկատմամբ ուժ են կիրառել, գցել գետնին և հարվածել:

Նրան տնային կալանքի միջնորդություն են ներկայացնել դատարան։ «Այս պահին նրան ազատ արձակեցին»,-հավելեց փաստաբանը:

«Պապիկն իր ցուցմունքում նշել է ու խնդրել է փոխանցել՝ մի բերետավոր իրեն հարվածել է, երկու բերետավոր պաշտպանել են»,- հավելեց Ռ. Մելիքյանը։