«Վրացական երազանք»-ը հայտարարել է, որ ոչ ոք չի վախենում ԱՄՆ-ի պատժամիջոցներից

Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, անդրադառնալով ԱՄՆ պատժամիջոցներին, դրանք որակել է «անլուրջ» և ասել, որ դրանցից ոչ ոք չի վախենում։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ոչ ոք չի վախենում այս պատժամիջոցներից… Այս ամենը լուրջ չէ… Ոմանց համար ինչ-որ տեղ ճանապարհորդելու արգելքը առանձնապես խնդիր չէ: Ինձ համար սա առանձնապես կարևոր չէ, երբ խոսքը վերաբերում է հայրենիքիս»,- լրագրողներին ասել է Կալաձեն։

Նախօրեին հայտարարվել էր, որ ԱՄՆ-ն Վրաստանի մի քանի տասնյակ քաղաքացիների նկատմամբ վիզային սահմանափակումներ է մտցնում, այսպես կոչված, «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի պատճառով: Այս մասին հայտարարել էր Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

Պատժամիջոցները կառնչվեն խորհրդարանի «Վրացական երազանք» խմբակցության անդամների, իրավապահների և մասնավոր անձանց։ Խոսքը երկու-երեք տասնյակ անձանց մասին է, որոնք Վաշինգտոնի կողմից չեն ծանուցվի ընդունված որոշման մասին, բայց նրանց կարգելվի մուտք գործել ԱՄՆ-ի տարածք։