Հինգ ժամ հետո Լարսի անցակետը բացվել է. ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդը մանրամասներ է հայտնել
Վերին Լարսի անցակետը բացվել է, կանգնած հայկական մեքենաները շարունակում են ճանապարհը դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:
«Արդեն երթևեկելի է, անցակետը բաց է, մեքենաները սկսել են անցնել»,–ասաց Հակոբյանը:
Անցակետը փակ է եղել մոտ 5 ժամ, ձնահյուսը սկսվել էր ժամը 10:00-ին, անցակետի աշխատանքը վերականգնվել է ժամը 15:00–ի մոտակայքում:
Մաքսային կցորդի խոսքով՝ այդ ընթացքում հայկական մեքենաների կուտակումներ չեն եղել: Ինչ–որ պահի մեքենաներն ուղղակի կանգնել են, ճանապարհի բացվելուց հետո շարունակել են երթևեկել:
«Մոտ 300 մեքենա Հայաստանից դեպի Ռուսաստան ուղղության վրա է, մի մասը ճանապարհին են, մի մասն արդեն մաքսային ձևակերպում են անցնում: Մոտ 300 մեքենա էլ Ռուսաստանից դեպի Հայաստան է գալիս, մի մասը ճանապարհին է, մի մասը ձևակերպում են անցնում»,– մանրամասնեց Հակոբյանն՝ ընդգծելով, որ դա միջին օրական հոսքն է, կուտակում չկա: Անցակետի փակվելու ժամանակահատվածում ավելացած հոսքը 1 ժամում արդեն կթեթևանա:

