Վարդենիսը դիմավորում է Բագրատ Սրբազանին (տեսանյութ)

Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ավտոերթը հասել է Վարդենիս։ Սահմանապահ Սոթքում այսօր ժամը 18։00-ին նախատեսված է հանրահավաք։

«Մեր շարժումն ու պայքարն իր բովանդակությամբ այն մեծ ահազանգն է, թե ինչ է տեղի ունենալու ամբողջ Հայաստանում։ Այս պատճառով ենք նաև գնում Վարդենիս»,-երթի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Մեր երկրից գրավված տարածքներն ինչո՞ւ չեն զիջում, հետ չեն քաշվում։ Ուրեմն միանշանակ միակողմանի զիջումներ են՝ ուժի սպառնալիքի ներքո։ Ո՞ւր է հասնելու սա։ Մեր պայքարը սրա մասին է, ոմանք չեն հասկանում դա, մտածում են իրենց իշխանական աթոռների մասին։ Բայց իրենք են խոչընդոտը»,-ասաց Բագրատ Սրբազանը։
Նրա խոսքով, այդ մասին իրենք խոսում են և քաղաքական, և բարոյական, և քաղաքակրթական, և իրավական առումներով, բայց իշխանությունները չեն ուզում դա հասկանալ, հակառակ դեպքում պետք է հեռանան։
«Իրենց համար աթոռն է կարևոր, երկիրը, ժողովուրդը կարևոր չեն, մարդահաշիվ չեն։ Վարդենիս այցելելու նպատակը հենց սա է, ցույց տալ մարդկանց, թե ինչի՞ մեջ ենք մենք գտնվում, ի՞նչ է լինելու հետո»,-ասաց Սրբազանը։

Կիրակի օրը հրավիրած հանրահավաքը նա չափազանց կարևոր է համարում. «Վճռական փուլ ենք մտել ու հանգրվանային ընթանում ենք։ Հիմա մուտք ենք գործել պայքարի երրորդ փուլ, սա պետք է դառնա փոփոխությունների փուլ»։