Որևէ երգչախմբի չեն զրկել ելույթ ունենալու հնարավորությունից. պնդում է ԿԳՄՍ նախարարը
«Որևէ երգչախմբի չեն զրկել ելույթ ունենալու հնարավորությունից, բոլորն ունեցել են ելույթ ունենալու հնարավորություն, և մասնակիցներից մեկը որոշել է չօգտվել այդ հնարավորությունից և հրաժարվել է ելույթ ունենալ: Դա իրենց որոշումն է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով հունիսի 1-ին Գյումրիում Տավուշի թեմի «ՏաԼույս» մանկապատանեկան երգչախմբի ելույթը չկայանալուն։
Նա նշեց, որ նախարարությունը համերգի անցկացման համար հատկացրել է միջոցներ, համերգի կազմակերպիչն «Ազնավուր» հիմնադրամն է եղել. «Թե նախարարությունը, թե հիմնադրամը շահագրգիռ են, որ համերգը կայանա ամբողջ ծավալով ու նորմալ։
Որևէ կերպ, որևէ պրոցես քաղաքականացնելն անթույլատրելի է: Կարծում եմ՝ պրոցեսի քաղաքականացումը բոլորովին այլ կողմից փորձ արվեց անել։ Ցավում եմ, որ երեխաներին այդ պրոցեսում դարձրեցին քաղաքական գործիք, ինչն անթույլատրելի է»։
Հիշեցնենք՝ Գյումրու Թատերական հրապարակում հունիսի 1-ին ժամը 14:00-ին նախատեսված էր Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգ, որի ժամանակ ելույթ պետք է ունենար նաև «ՏաԼույս» երգչախումբը։ Գյումրի էր մեկնել նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը: Միջոցառումը սկսվել է նախատեսվածից 1 ժամ շուտ՝ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանի պահանջով, և «ՏաԼույս» երգչախումբը հնարավորություն չի ունեցել մասնակցելու համերգին։

