ՄԻՊ-ի ներքև չիջնելը կամ լրագրողներին չընդունելը կընդունենք որպես դիրքորոշում․ Բագրատ Սրբազան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրաժարվել է լրագրողների ներկայությամբ ընդունել Բագրատ Սրբազանին, սակայն հայտնել է, որ իր առաջարկը մնում է ուժի մեջ, և ինքը պատրաստ է առանց լրագրողների ընդունել նրան և երեք անձի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՄԻՊ մամուլի խոսնակ Արթուր Ասլանյանը։

«Իմ փորձառությունը դժբախտաբար ցույց է տվել, որ այն, ինչ չի տեսաձայնագրվում, տարընկալումների տեղիք է տալիս, հետո մարդիկ սկսում են ասել, ես սա ասեցի, դու այն ասեցիր։ ՄԻՊ–ը բաց, թափանցիկ հաստատություն է, ինչումն է խնդիրը, որ լրագրողներ չպետք է լինեն։ Մենք դեռ չենք ասում, որ Մանասյանն արդեն այստեղ պետք է ներքևում լիներ, իր պաշտպանած քաղաքացիներ իձայնը լսելու համար»,–ասել է Բագրատ Սրբազանը։

Նա ընդգծել է, որ միտք չունեն Մանասյանին համոզելու, այլ նրա ներքև չիջնելը կամ լրագրողներին չընդունելը կընդունեն որպես դիրքորոշում։

Նշենք, որ Տավուշը հանուն հայրենիքի շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանը շարժման մասնակիցների հետ ՄԻՊ գրասենյակի շենքի մոտ է։ Նրանք հարցեր ունեն․  այս ողջ ընթացքում ՄԻՊ-ը ծառայել է մարդու իրավունքների՞ն, թե այլ բանի։

«Չորս հոգի են ուզում, թող չորս հոգի լինի։ Կգնա պատվիրակությունը, կհանդիպեն, լրագրողների ներկայությամբ, լրագրողները հարց չեն տա։ Հարցադրումներ կլինեն, խուսափում են, ինչո՞ւ։
Հարցումներ էլ չկան՝ մի հարց է, էս դեպքերը որ եղել են, ճի՞շտ են, թե սխալ են, գնահատական տվե՞լ եք, թե ոչ։ Սրանք մարդու իրավունքների խախտումնե՞ր են, թե ոչ։ Վեհափառ Հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիր, խախտո՞ւմ է, թե ոչ։ Կիրանցում մարդկանց սեփականություն խլելը, խախտո՞ւմ է, թե ոչ»,- նշել էր Բագրատ Սրբազանը։