Եվ Գարեգին Առաջինը սկսեց չափ տալ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սարկավագները հիշում են 1995-1999 թվականներին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինի պատահական այցերը միաբանական շենք: Անցնում էր սենյակներով, զրուցում երիտասարդ հոգևորականների հետ: «Ինձ համար երիտասարդությունը մարտահրավերներ ընդունելու քաջությունն է, այլ ոչ թե դրանցից խույս տալը: Երիտասարդներին հատուկ է որևէ բան փոխելու ձգտումը, նույնիսկ այն, ինչը միշտ համարվել է անխախտ: Եթե երիտասարդների մեջ այդպիսի վճռականություն կա, կարծում եմ, որ նրանք կգտնեն բոլոր ձևական արգելքները հաղթահարելու միջոցները, և կբերեն այն թարմ օդը, որի կարիքն ունեն Եկեղեցիները: Մի խոսքով, երիտասարդությանը պետք է վստահել…»:
Վեհարանի մուտքի առջև երգող սարկավագներին չափ տվող Գարեգին Առաջինի լուսանկարի գոյության մասին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն անցյալ տարի է իմացել: Նա նկարում պատկերված երիտասարդ հոգևորականներից մեկն է (առաջին շարքի ձախ անկյունում): Ավելի քան 20 տարի անց Բագրատ սրբազանը հիշում է երիտասարդ սարկավագների համար զարմանալի և հուզիչ այդ պահը:
«Գարեգին Առաջինը դասավանդում էր ճեմարանում, և շաբաթը մեկ անգամ սարկավագներին առանձին դասավանդություն էր անում: Եթե նույնիսկ հովվական, հայրապետական ուղևորությունների էր լինում, վերադառնալիս անպայման դասերը վերականգնում էր, արտաժամյա դասընթացներ էր անում, որովհետև իր համար առանցքային նշանակություն ուներ սերնդի պատրաստությունը:
Օրինակ ունենալով արևմուտքում Christmas carols՝ Սուրբ Ծննդյան երգերը, ցանկություն էր հայտնել, որ մենք էլ Հայաստանում մեր հայկական Սուրբ Ծննդյան երգերի այդպիսի մի համադրություն ունենանք: Հոգելույս վեհափառ Գարեգին Ա-ի փափագն էր, որ հատկապես Սուրբ Ծննդյան երգերը, շարականները հասանելի լինեին, հնչեին փողոցներում, տներում, խանութներում, ամենուր, մարդիկ լսեին, սովորեին: Այդ նպատակով ինձ հանձնարարեց երիտասարդ հոգևորականներից խումբ կազմել, փորձեր կազմակերպել, որ կարողանանք մեր Սուրբ Ծննդյան երգերը վեր հանել և պատրաստել ձայնագրության:
Նկարն արվել է սարկավագների հետ հանդիպումներից մեկի ժամանակ: Վեհափառը մեզ հատուկ պահեց այդ օրը՝ լսելու համար, թե ինչպես ենք երգում: Իր սովորության համաձայն՝ միանգամից սկսեց չափ տալ: Մեզ համար զարմանալի էր, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը մեր՝ սարկավագներիս առաջ կանգնած, խմբավարություն է անում, թե ինչպես պիտի երգենք, ինչ զգացումով, ինչ արտահայտությամբ: Եթե այս պահին ուզենամ, կհիշեմ, որ այդ դրվագում կատարում էինք մկրտության երգերը՝ «Ով զարմանալի» և «Այսօր ձայնն Հայրական»: Վեհափառը բացատրում էր նաև այդ երգերի հոգևոր խորքը, Քրիստոսի մկրտության աստվածաբանությունը: Այդ պահը մեզ համար՝ որպես երիտասարդ սարկավագներ, եՙւ ուսուցողական էր, եՙւ հուզիչ էր, եՙւ ազդեցիկ էր, եՙւ զարմանալի:
Գարեգին Առաջինը մանկան պես ուրախանում էր յուրաքանչյուր այսպիսի փոքրիկ առաջխաղացմամբ: Գոհ էր, որովհետև տեսնում էր առնվազն մեր ջանքը, ցանկությունը, աշխատանքը, և փորձում էր, որ ծրագիրն անպայման իրականացվի: Տարբեր պատճառներով, հավանաբար՝ զբաղվածության և այլն, մեր կազմած խմբի ձայնագրությունը չհաջողվեց: Բայց ծրագիրը հետագայում այլ կերպով իրականացավ. Սուրբ Ծննդյան երգեր ձայնագրվեցին պրոֆեսիոնալ երգչախմբերի, մենակատարների միջոցով»:

