Իսրայելի ներկայիս կառավարության որոշումների հետևանքով Պաղեստինի ինքնավարությունը շնչահեղձ է լինում. Բորել

Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում գտնվող «Թալ Սուլթան» փախստականների ճամբարի՝ Իսրայելի ռմբակոծության հետևանքով առնվազն 45 տեղահանված պաղեստինցի է զոհվել, այդ թվում՝ մի քանի երեխա:  Սա ցույց է տալիս, որ Գազայում ապահով տեղ չկա։ Այս մասին ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:

Նրա խոսքով՝ մարդասիրական իրավիճակը Գազայի հատվածում առավել քան երբվևէ վատ է:

«Մենք պետք է միջամտենք, և միակ բանը, որ կարող ենք մենք՝ Եվրամիությունը, անել Ռաֆահում սահմանի բացման վերագործարկմանը մասնակցելն է», – ասել է պաշտոնյան։

Ըստ Բորելի՝ Իսրայելի ներկայիս կառավարության որոշումների հետևանքով Պաղեստինի ինքնավարությունը շնչահեղձ է լինում:

«Երբեմն ՀԱՄԱՍ-ի մասին խոսում ենք այնպես, կարծես ՀԱՄԱՍ-ը պաղեստինցի ժողովրդի ներկայացուցիչն է։ Այդպես չէ: Ներկայացուցիչը Պաղեստինի ինքնավարությունն է, որը բոլոր խոչընդոտներով և բոլոր սահմանափակումներով, խնդիրներով և դժվարություններով հանդերձ, գալիս է ՄԱԿ՝ Գլխավոր վեհաժողովի հետ զրուցելու: Նրանք գալիս են այստեղ՝ մեր կողմից հրավիրված, մենք նրանց ֆինանսապես ամենաուժեղ աջակիցն ենք։  Այսպիսով, մենք չենք կարող մեզ թույլ տալ Պաղեստինի ինքնավարության ֆինանսական շնչահեղձությունը Նեթանյահուի կառավարության գործողությունների միջոցով: Առայժմ ես այլևս երբեք չեմ ասի «Իսրայել», կասեմ «Նեթանյահուի կառավարություն», քանի որ հենց այս կառավարությունն է ընդունում այս որոշումները։ Եվ սրանք որոշումներ են, որոնք կարող են սպանել Պաղեստինի ինքնավարությանը տնտեսական և ֆինանսական շնչահեղձության պատճառով», – ասել է Բորելը: