Ռուսաստանում շահագրգռված են Հայաստանի կայուն իրավիճակով, ՌԴ-ն կաշխատի ՀՀ ցանկացած իշխանության հետ. սենատոր Ջաբարով
Ռուսաստանում շահագրգռված են Հայաստանի կայուն իրավիճակով, ՌԴ-ն կաշխատի ՀՀ ցանկացած իշխանության հետ, գլխավորը, որ այնտեղ որևէ մարդկային զոհ չլինի, ասել է Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը։
«Բողոքի հերթական ակցիաներն սկսվել են մայիսի 27-ի առավոտյան Հայաստանի տարբեր շրջաններում։ Ցուցարարները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը Բաքվի և Երևանի միջև Տավուշի մարզում սահմանի համաձայնեցման պատճառով»,- գրել է քաղաքական գործիչն իր Թելեգրամ-ալիքում։
Ջաբարովի խոսքով՝ Ռուսաստանում ուշադիր հետևում են իրավիճակին, որովհետև Հայաստանը «ՀԱՊԿ գծով մեր գործընկերն է, թեև նրանք վերջին ժամանակներս ավելի հաճախ են խոսում այդ կառույցից դուրս գալու մասին»։ Բացի այդ, նա Եվրասիական տնտեսական միության անդամ է։ «Առայժմ մենք տեսնում ենք, որ Փաշինյանը պահպանել է իշխանությունը ե՛ւ ընտրություններից, ե՛ւ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։ Նա բավական ամուր դիրքեր ունի»,- գրել է օրենսդիրը։
«Մենք շահագրգռված ենք, որպեսզի հանրապետությունում կայունություն լինի։ Ռուսաստանը կաշխատի Հայաստանի ցանկացած իշխանության հետ։ Գլխավորը, որ այնտեղ ոչ մի մարդկային զոհ չլինի»,- նշել է Ջաբարովը։
Սենատորն ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ ասում է, որ «մենք Հայաստանի բնական դաշնակիցներն ենք և հուսով ենք, որ այդպիսին կլինենք նաև ապագայում»։ «Մեզ բախելու ցանկացած փորձ կունենա ամենածանր հետևանքները հենց Հայաստանի համար, որովհետև ավելի հավատարիմ դաշնակից, քան Ռուսաստանն է, հայերը չունեն»,- գրել է նա։

