Այսօր հայ ժողովուրդը նշում է Հանրապետության օրը
Այսօր Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 106-րդ տարեդարձն է: 1918-ին այս օրը վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը. մայիսի 21-29-ը Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին և կամավորականներին հաջողվեց կենաց-մահու ճակատամարտերում հաղթանակ տանել թուրք հրոսակների դեմ՝ կասեցնելով նրանց առաջխաղացումը և Հայաստանն ամբողջությամբ զավթելու նրանց մտադրությունը:
Մայիսյան հաղթանակով վերականգնվեց հայ ժողովրդի` շուրջ 9 դար առաջ կորցրած անկախությունը: Մայիսի 26-ին լուծարվել էր Անդրկովկասյան Սեյմը, Ադրբեջանն ու Վրաստանն անկախություն էին ստացել, հերթը Հայաստանինն էր, և մայիսին 28-ին Հայոց ազգային խորհուրդը Թիֆլիսում հռչակեց Հայաստանի անկախությունը:
«Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ` Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն միակ իշխանությունը: Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերը կազմել Հայոց ազգային կառավարություն` Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները` հայկական գավառների քաղաքական ղեկը վարելու»,- ասված է Թիֆլիսում Հայոց Ազգային խորհրդի կողմից ընդունված անկախության հռչակագրում:

Արդեն հունիսի 4-ին Բաթումում ստորագրվեց հայ-թուրքական հաշտեցման պայմանագիրը, 11 հազար քմ տարածքի վրա ձևավորվեց Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությունը:
Հայաստանի առաջին հանրապետությունը կարճ ժամանակում կարողացավ ստեղծել պետությանը բնորոշ բոլոր ատրիբուտները. ընտրեց խորհրդարան, որի առաջին նախագահը դարձավ Ավետիք Սահակյանը, ձևավորեց կառավարություն՝ առաջին վարչապետ դարձավ Հովհաննես Քաջազնունին:
Սակայն Հայաստանի առաջին հանրապետության կյանքը միայն 2 տարի տևեց. 1920 թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանը բռնազավթվեց բոլշևիկյան 11-րդ Կարմիր բանակի կողմից:
1992-ից, երբ Հայաստանը կրկին անկախություն ստացավ, մայիսի 28-ը սկսվեց պաշտոնապես նշվել որպես առաջին Հանրապետության օր:
1968-1978 թվականներին Սարդարապատում կառուցվեց հուշահամալիր, որը նվիրված է 1918 թ. մայիսի 22-28-ը Սարդարապատում թուրք զավթիչների դեմ մղված պատմական ճակատամարտին: Հուշահամալիրի բացումը կայացավ հերոսամարտի հիսնամյա տարեդարձի օրը:

