«Հայրս ասում է՝ առողջական վիճակը բավարար է, դեղեր է ընդունում». Վագիֆ Խաչատրյանի դուստր․ 168․am
2023 թվականի հուլիսի 29-ից ադրբեջանական գերության մեջ գտնվող Վագիֆ Խաչատրյանի ընտանիքը փորձում է ամեն ինչ անել՝ գերության մեջ գտնվող անմեղ մարդուն հայրենիք վերադարձնելու համար։
168.am-ի հետ զրույցում Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը, ասաց, որ ամիսը մեկ անգամ Կարմիր խաչի միջոցով կարողանում են հեռախոսակապ հաստատել Վագիֆ Խաչատրյանի հետ։
«Հայրս ասում է, որ առողջական վիճակը բավարար է, դեղեր է ընդունում, այլ բան չի ասում»,- նշեց Վերա Խաչատրյանը և ընդգծեց՝ ուրիշ ոչինչ ասել չի կարող։
Վերա Խաչատրյանի փոխանցմամբ՝ կփորձեն ամեն ինչ անել գերության մեջ գտնվող հիվանդ հորը վերադարձնելու համար։
«Ընտանիքի անդամներով ինչ կկարողանանք անել գերության մեջ գտնվող մեր ծնողի համար՝ կանենք»,- եզրափակեց Վերա Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ արցախցի Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում և տեղափոխվել Բաքու, երբ փորձել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։
Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին մեղադրանք են առաջադրել քրեական օրենսգրքի երկու հոդվածների հատկանիշներով՝ «ցեղասպանություն և բռնի տեղահանում»։ Բաքուն նրան մեղադրում է 1991 թվականի դեկտեմբերի 22-ին Մեշալի գյուղում «ցեղասպանության» իրականացման համար։ Շինծու գործով 59 «տուժող» են գտել, որոնք իբր ճանաչել են Վագիֆ Խաչատրյանին։
Վագիֆ Խաչատրյանը Բաքվի դատարանում հայտարարել է՝ չի ընդունում մեղադրանքը, չի մասնակցել ադրբեջանցիների նկատմամբ որևէ հանցագործության։
Ամիսներ տևած կեղծ դատավարական նիստերից հետո Բաքվի դատարանը որոշում կայացրեց Վագիֆ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման, որից 5 տարին պետք է անցկացնի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում։
Որոշ ժամանակ անց Դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացվել, սակայն բողոքը Վերաքննիչ դատարանը մերժել էր և 15 տարվա ազատազրկման որոշումը թողել անփոփոխ։
Նախորդ տարվա սեպտեմբերից ադրբեջանական պատանդառության մեջ են պահվում նաև Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունը, նրանց մի քանի հոդվածներով առաջադրվել են կեղծ մեղադրանքներ։ Նախօրեին էլ հայտնի դարձավ, որ Բաքվում նրանց կալանքի ժամկետները ևս 5 ամսով երկարաձգել են։

