Տավուշի մարզկենտրոնը Իջևանից տեղափոխեք Կիրանց. Գեղամ Նազարյան

Չի կարելի մարդուն ասել՝ դու պետք է վատ ապրես, ոչ անվտանգ միջավայրում ապրես, որովհետև եթե դու ապրես ոչ պաշտպանված, քո իրավունքները մի փոքր կամ շատ ոտնահարվեն, ամբողջ Հայաստանը դրանից շահելու է: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, անդրադառնալով Կիրանցում տեղի ունեցող զարգացումներին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ ՀՀ ՄԻՊ-ի զեկույցի քննարկման ժամանակ։

«Եթե մի գյուղ չի շահում այս գործընթացից, Հայաստանը չի կարող շահել դրանից: Չի կարելի մարդուն ասել՝ գնա հանգիստ ապրիր, որովհետև պատ կշարենք, ծառ կտնկենք և դպրոցը հակառակ կողմից չի երևա: Եթե այս գործընթացի արդյունքում մեր երկիրն ավելի անվտանգ է դառնում, ինչպես պնդում են իշխանությունները, ինչո՞ւ է առաջանում պատ շարելու կամ ծառ տնկելու  անհրաժեշտությունը: Մարդու պապը տուն է սարքում խորհրդային Հայաստանի տարածքում, ստանում է թուղթ, որ ինքն իրավունք ունի այդ տունը կառուցելու: Մի քանի սերունդ անցնում է,  գալիս ասում են՝ գիտե՞ս, ոչ քո պապը, ոչ այդ ժամանակվա Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները չեն իմացել՝ որտեղով է անցնում սահմանը: Հիմա քո տունը ՀՀ քաղաքացու անվտանգության համար պետք է անցնի հարևան հանրապետությանը: Իրոք մտածում եք, որ էս ձևո՞վ են խաղաղության հասնում»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Նա կոչ արեց խաղաղության հասնել այնպես, որ Կիրանցի բնակիչը այս պրոցեսից բավարարված լինի, ոչ թե հոգեկան ցնցումների մեջ ընկնի. «Ես պարզ լուծում եմ առաջարկում. ՄԻՊ-ն ու իր աշխտակազմը այս օրերին պետք է լինեն Կիրանցում, մարդկանց հետ աշխատելով, որ տարատեսակ չարակամներն այնպես չանեն, որ Կիրանցի բնակիչներն այնպիսի հոգեկան ցնցումների մեջ ընկնեն, որ այլևս չպատկերացնեն ապրելու այդ տարածքում, որտեղ ապրում են ըստ հիշատակումների՝ 4-րդ դարից:

Ես մի լավ առաջարկ ունեմ, առաջարկում եմ, որ Հայաստանի կառավարությունը որոշի և Տավուշի մարզկենտրոնը Իջևանից տեղափոխի Կիրանց: Դա կօգնի և բնակավայրի զարգացմանը, մեծացմանը, և կիրանցեցիներն էլ համոզված կլինեն, որ ապրում են մի անվտանգ տեղում, որտեղ աշխատում է ՀՀ կառավարության մի մասը: Շատ խելամիտ առաջարկ է»,-ասաց Գեղամ Նազարյանը: