Ադրբեջանը ծրագրում է Հայաստանում բնակեցնել մոտ 300 հազար ադրբեջանցիների․ Արման Թաթոյան
Առաջին փուլում, պաշտոնական Բաքվի հայտարարություններով, Ադրբեջանը ծրագրում է Հայաստանում բնակեցնել մոտ 300 հազար ադրբեջանցիների, միջազգային առաքելության հովանու ներքո անվտանգության համակարգի առկայության դեպքում, որին կվստահի այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համայնքը։ Այս մասին ապրիլի 29-ին «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի կազմակերպած «Հայաստանի արդի մարտահրավերները և դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները» կլոր սեղան-քննարկմանն ունեցած ելույթում ասել է ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ խոսքը Թուրքիայի մասին է։ Թաթոյանը նշել է, որ Ադրբեջանի քաղաքականությունն ուղղված է Հայաստանի անվտանգության համակարգի քայքայմանը։ Իրավապաշտպանի համոզմամբ՝ ներկա իրավիճակը ենթադրում է անվտանգության նոր ռազմավարության շտապ ընդունման անհրաժեշտություն, որը պետք է հիմնված լինի մի քանի սկզբունքների վրա, ինչը ՀՀ իշխանությունների ներկա քաղաքականության պայմաններում անհնար է։ «Առաջին սկզբունքը պետության և անձի անվտանգության ապահովման կայուն համակարգն է հայ ինքնության պահպանմամբ։ Բացի այդ, ռազմավարությունը պետք է հիմնված լինի երաշխիքների վրա, այդ թվում իրավունքի գերակայության, իրական դեմոկրատական արժեքների, արդյունավետ պետական համակարգի, բանակի մարտունակության և այլ սկզբունքների»,- նշել է նա։
Նրա գնահատմամբ՝ այսօր կատարվում են կոպիտ սխալներ, որոնք կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների։ Արման Թաթոյանի պնդմամբ, այսօր տեղի ունեցողը ոչ մի ընդհանուր բան չունի սահմանազատման հետ, քանի որ այդ գործընթացը ենթադրում է քարտեզների առկայություն, մանրամասն կադաստրային հետազոտություն, պահանջների գնահատում, ճանապարհային քարտեզների ուսումնասիրություն, բնակչության իրավունքների պարտադիր հաշվառում։

