Հնդկաստանի պատվիրակության հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին
Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակությունն ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ և Միջխորհրդարանական միության փոխնախագահ դոկտոր Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմիի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը կողմերը քննարկել են հայ-էմիրաթական առևտրատնտեսական համագործակցության կարևորությունը՝ գոհունակությամբ արձանագրելով վերջին տարիների ընթացքում երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աննախադեպ աճը:
«Հայ-էմիրաթական փոխգործակցության խոստումնալից ուղղություններ կարող են լինել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, առողջապահության, կրթության և գիտության, տուրիզմի ոլորտները, ինչպես նաև լոգիստիկ և փոխշահավետ ներդրումային նախագծերում համագործակցության հնարավորությունները»,- կարևորել է Հակոբ Արշակյանը:
Վեհաժողովի շրջանակում հայկական պատվիրակության հաջորդ հանդիպումը եղել է Հնդկաստանի խորհրդարանի փոխնախագահ Հարիվանշ Նարայանի գլխավորած խորհրդարանական պատվիրակության հետ։
Հակոբ Արշակյանը, ողջունելով Հնդկաստանի պատվիրակությանը, նշել է․ «Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ իր գործընկերությունը: Մեր բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունի, և կարող ենք վստահորեն փաստել, որ այդ ավանդական բարեկամությունն այսօր արտացոլվում է երկու երկրների հարաբերություններում։ Հայ-հնդկական հարաբերությունները գտնվում են որակական նոր մակարդակում, և երկուստեք ջանքերը պետք է մեկտեղվեն՝ այդ հարաբերություններն էլ ավելի զարգացնելու համար»:
ԱԺ փոխխոսնակն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է բարեկամ Հնդկաստանի հետ փոխշահավետ համագործակցության զարգացմամբ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առևտրի, տրանսպորտի և կապի, պաշտպանության, առողջապահության, մշակույթի, գիտության և կրթության, տեղեկատվության և բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում:
Այս համատեքստում ԱԺ նախագահի տեղակալը կարևորել է երկու երկրների միջև՝ Հայաստան-Նյու Դելի ուղիղ ավիաչվերթների հարցը:

