Թալիբները սկսել են ձերբակալել աֆղան կանանց՝ իսլամական դրես-կոդը խախտելու համար

Աֆղանստանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոզա Օթունբաևան հայտարարել է, որ երկրում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժումն սկսել է ձերբակալել աֆղան կանանց՝ հիջաբ կրելու մասին հրամանագիրը չկատարելու համար: Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Աֆղանստանի դե ֆակտո իշխանությունները վերջին ժամանակներս ավելի են սահմանափակել կանանց իրավունքները հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Կանայք, որոնք, ինչպես համարվում է, մասամբ են պահպանում հիջաբ կրելու մասին հրամանագիրը, ենթարկվում են ձերբակալության և կալանավորման: Աֆղանստանի առանձին բնակչուհիներ վախենում են դուրս գալ փողոց», – ասել է Օթունբաևան՝ հանդես գալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների առջև։

Հունվարի սկզբին թալիբների կողմից ստեղծված Առաքինության քարոզչության և անբարոյականության կանխման նախարարությունն սկսել է ակտիվորեն կիրառել հիջաբ կրելու մասին 2022 թ. ապրիլին հրապարակված հրամանագիրը՝ ձերբակալելով և կալանավորելով այն խախտող կանանց ու աղջիկներին: Այդ ձերբակալություններն անհամեմատ շատ տարածվել են քաղաքաբնակ կանանց շրջանում: